Այնտեղ, ուր հավետ եռում են, վշշում Անդրաշխարհի դռները ծածկող քաոսային սև ջրերը անտակ, ուր մեգն է իշխում՝ երկնի անհունը կապելով երկրի անտակ անդունդին, հզոր Արայի երկնային կամքով, Դիցամոր քնքուշ խնամքի ներքո, Հայոց Դիցերի անխոնջ հսկումով, լաջվարդով պատված փառատաճարում հուրհրատում է՝ երկնից իջեցված Հայկական Գահը ադամանդակուռ: Աշխարհը գիտի. հեռու մարդկային ճղճիմ կրքերից, այս Գահին բազմող Դյուցազունները միայն բարիք են պարգևել երկրին: Աշխարհը գիտի. այս Գահին բազմող տիրակալների շուրթերից ելած ամեն մի հնչյուն՝ օրենք է անխախտ, օրենք՝ սրբազան, որ արդար է միշտ ու չի հնանում, ինչպես չի մեռնում լույսը Շնաստղի՝ կախված երկնքից սուրբ Մեծամորի: Արևագալին հերթական անգամ գալիս են հզոր Ավագներն Հայոց, խմբվում Տաճարի ժողովատեղում: Թորգոմն է կանչել՝ քուրմը գերագույն, Արի տոհմերի վեհանձն արքան՝ արդար, իմաստուն: Եկել են այստեղ մեր Լեռնաշխարհի բոլոր ծայրերից. կրկի՞ն պատերազմ, արհավի՞րհք, աղե՞տ: Չգիտե ոչ ոք: Ձյունից էլ ճերմակ մի հսկա արծիվ, լայն պտույտներով շտապում է ներքև, զիլ կռնչոցով թառում աջ ուսին Արի Թորգոմի: Պատգամաբեր է. Ցեղին սպառնացող վտանգի ժամին, Ցեղի փառահեղ թռիչքի պահին, հայտնվում է միշտ, իր ներկայությամբ բերում է կամքը հզոր Արայի, հաստատում խոսքն ու գործերը բարի՝ Հայոց արքայի: Լռեց արծիվը: Հայոց Տերերի խոժոռ աչքերում սպասումն է տիրում: Ահա բարձրացրեց աջն իր տիրական՝ արքան իմաստուն և սկսեց խոսել. ոչ ոք չգիտեր, որ այդ խոսքերից՝ աշխարհի վրա սկիզբ էր առնելու մի նոր պատմություն. -Դյուցազունք հզոր, Արյաց հսկաներ. ահեղ դիցերի մեծազոր կամքով, մեր նախնիները միավորեցին Հայոց լեռներում ցիրուցան ապրող իրենց տոհմերը: Միավորեցին՝ սիրով, հավատքով, մեկտեղ ապրելու, ստեղծագործելու աննկուն կամքով: Միավորվեցին մեր պապերն արի՝ ոչ թե բռնությամբ ու խարդավանքով, այլ եղբայրության, միևնույն արյան ու Հայրենիքի բնական կանչով: ՈՒ գետերն Հայոց, որ վերածելով մեր գավառները խուլ կղզյակների, մեզ ստիպում էին ապրել մեկուսի՝ մեր եղբայրներից, այժմ դարձել են մեզ իրար կապող, մեր աշխարհների ուժն ու բարիքը մեկտեղ գումարող լուսե շղթաներ: Իսկ լեռները մեր, որ կասկածանքով զննում էին միմյանց դարեր շարունակ, այժմ խոսում են, կանչում են իրար, լուր տալիս, թիկունք դառնում մեկ-մեկին: Համերաշխության մեր կամքն է հոսում լուրթ վտակներով Հայոց գետերի: Եղբայրացել են Հայաստան երկրի հպարտ սարերը, ու միահամուռ, հսկում են դաշտերն Հայոց Տերերի: Եղբայրացել են Հայոց Տերերը, և իրենց հերթին, ուս-ուսի տված, պահպանում անդորրն իրենց լեռների: Դուք եք տերերը Հայոց աշխարհի, ու ծաղկեցնելով աշխարհները ձեր, համախմբվելով վտանգի ժամին, կամքն եք կատարում մեր նախնիների, կամքն եք կատարում ձեր զավակների, որ դեռ չեն ծնվել, բայց հետևում են, ու հսկում են լուռ՝ մեր բարձրաշխարհին: ՈՒ ես պատգամն եմ բարբառում այսօր՝ Գերագույն Ոգու, Հայաստան երկրին բարիք պարգևող չքնաղ Դիմացոր, ահեղ Դիցերի, աչալուրջ հսկող մեր նախնիների, հավատով սպասող մեր զավակների. Հայրենի երկրում ստեղծագործելու, ապրելու համար, Արի տեսակը հավերժացնելու, հաղթելու համար՝ քիչ են նվիրումն ու պաշտամունքը Հայոց աշխարհին, հարազատ Ցեղին, զորեղ դիցերին: Դեռ բավարար չեն եղբայրությունն ու միասնությունը Արի տոհմերի:
Հարկավոր է զգալ կամքը լեռների, իսկ լեռները մեր, արդեն բյուր դարեր, գուպարի մեջ են՝ ընդդեմ հարևան անապատների, լեռնակույտերի, դաշտավայրերի. հրաբխում են, ժայռեր գլորում, շղթաներ կազմում, նաև փուլ գալիս, ապա խոյանում ու բազկատարած՝ շարժվում են առաջ: ՈՒ հաղթական են՝ հավերժ այդ կռվում, թեև միայնակ, բայց տարածվում են, աշխարհակալում, երբեք չեն սեղմվում, երբեք չեն կծկվում ու չեն նեղացնում՝ սահմանները մեր Հայրենի երկրի: Վերջ չկակռվին այդ հավերժական. մեր եզերքները շարժման մեջ են միշտ, ու ծավալվում են, ճանապարհ հարթում Հայաստան երկրի տերերի համար: Մասնակցել է պետք լեռների կռվին, տարածվել է պետք, աշխարհակալել, քանզի ով չի զգում կամքը լեռների, ով չի ընթանում իր Հայրենիքի բնության կամքով, նա մի օր, ստիպված, օտարի կամքն է բերելու այստեղ՝ մեր լեռներից ներս: Լսո՞ւմ եք կանչը Հայոց գետերի. ամեհի թափով, իրենց լեռներից հոսում են ներքև, խառնվում կռվին, պայթում մոլուցքով՝ դաշտերի գլխին, ու հորձանք տալիս, մխրճվում կուրծքը օտար հողերի, շարժվում առաջ ու... նվաղում են ավազներում՝ շեկ անապատների: Կանչում են գետերն՝ արդեն բյուր դարեր, լսո՞ւմ եք, շարժվեք նրանց օգնության, նրանց հոսանքով: Մի թողեք կորչեն մեր ջրերն՝ օտար հորիզոններում: Հետևել է պետք գետերի կանչին, տարածվել է պետք, աշխարհակալել. զի ով չի լսում կանչն իր գետերի, ով չի նավարկում նրանց հոսանքով, մի օր, օտարի նավակներն է ներս թողնելու՝ նրանց խեղճացած հունով: Հարազատ Ցեղի խոյանքը զգացեք, ուժը ահարկու՝ ձեր մեջ խաղացող. ժայթքել է ուզում, աշխարհակալել՝ իր լեռների պես: Հետևեք նրան, այդ զորեղ ուժին. զի ով զսպում է իր բարձունքներից՝ խոյանքը Ցեղի, մի օր՝ գահավեժ այդ բարձունքներից, դարեր կմաշի նվաստության մեջ՝ ուժն այդ զգալու, նրա հայտնությանն արժանանալու հուսահատ տենչով: Լսեք, վերջապես, կամքն աստվածների. Մեր նախնիները չարհամարհեցին օգնության կանչը հարևանների, ու չլքեցին աղետից փախչող, մեր դուռը բախող բնավերներին: Ներս թողին նրանց ու խնամեցին: ՈՒ նոր կյանք ստացան աղետյալները՝ Արի տոհմերի հովանու ներքո: Գիտելիքների ու արհեստների ջահը տվեցինք մենք անտուններին, Հայոց հավատքի լույսը կենարար, ու աստվածային, սուրբ օրենքների հմայքը ստացան նրանք մեզանից: ՈՒ կազդուրվեցին, նաև՝ բազմացան: Եվ ժամն է արդեն՝ ամոքված, կրթված նրանց զարմերին՝ ցույց տալ ճանապարհն իրենց դաշտերի: Թող վերականգնեն իրենց հյուղերը՝ ջրածածկ եղած, քրտինքով ջրեն անապատների շիկահողերը ու բարիք ստանան: Բանեցնեն բազում արհեստներն այնտեղ՝ մեզանից ստացած, ու երախտիքով հիշեն մեծ Ազգին՝ իրենց ձեռք մեկնած: Թող ապրեն լույսով մեր օրենքների ու թող չդրժեն օրհասի պահին մեր պապերի հետ՝ իրենց պապերի կնքած սուրբ ՈՒխտը: Ճանապարհ դրեք, քանզի վայել չէ, որ հյուրը իրեն զգա իբրև տանտեր, նաև արդար չէ, որ մեր սուրբ հողի բերք ու բարիքից գլուխը կորցրած՝ մոռանա երկիրն իր նախնիների: Ընտրեք քաջարի ձեր զավակներից լավագույններին, զինավառ խմբեր կազմեցեք իսկույն. թող առաջնորդեն իրենց վստահված ընտանիքներին դեպի հեռուներ՝ այնտեղ, ուր Հայոց խրոխտ լեռներն են կարկառում իրենց բազուկներն հուժկու, այնտեղ, ուր Հայոց չքնաղ գետերն են դարերով սպասում Հայ զինվորներին: Թող լեռների հետ, հեռվից ետ վանեն՝ դեպի Հայաստան սուրացող հովերն, ու թող տարածեն Հայոց հավատքի լույսը ամենուր, որ հաստատ պահվի ՈՒխտը՝ մեծազոր աստվածների հետ, որ հարատևի հողը Հայրենի, ու ազատ ապրի իր Հայրենիքում՝ ազգն Արիների: Վճիռ կայացրեք, դյուցազունք Հայոց, ու մի մոռացեք, որ ով չի լսում ձայնն իր դիցերի, օրերից մեկ օր, ծնկաչոք ու թույլ, կատարելու է քմայքներն՝ օտար, նենգ աստվածների: Լռեց Թորգոմը: Զիլ կռնչոցով, սլացավ վերև՝ արծիվը ճերմակ. վերջին պտույտով՝ հրաժեշտ տվեց Հայոց Տերերին, ու կորավ՝ երկնի կապույտ անհունում: Ցեղի թռի՞չքն էր արդյոք ավետում՝ թռչունը ճերմակ. որտեղի՞ց եկավ, ո՞ւր կորավ հանկարծ: Այսպես, թռիչքով մի վեհատեսիլ, իրե՜նք էլ կանցնեն աշխարհից աշխարհ. հետ կգա՞ն արդյոք, կվերադառնա՞ն, թե՞ լուռ կմարեն՝ օտար ափերի հորիզոններում...
Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2014/01/blog-post_8.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել