Epress.am-ը գրում է.
Դեռևս անցյալ տարի՝ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին, Ոստիկանությունը Epress.am-ին հայտնել էր, որ «ուսումնասիրություն է սկսել» Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ թույլ չեն տվել լրագրողներին մասնակցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության հրապարակային պաշտպանությանը, հայոհել են նրանց, խոչընդոտել մասնագիտական գործունեությունը։
Այսօր մենք փորձեցինք պարզել՝ ինչ արդյունք է տվել ոստիկանության՝ դեպքի մեղավորներին պարզելուն ուղղված աշխատանքը, սակայն դա այդպես էլ չհաջողվեց ճշտել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին Epress.am-ի թղթակիցը քննության մասին հարցով զանգահարել է 5 անգամ, սակայն ամեն անգամ Մալխասյանը խնդրել է ավելի ուշ զանգահարել՝ հայտնելով, որ նորություն չունի:
Հիշեցնենք, որ Տնտեսագիտական համալսարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու և լրագրողներին հայհոյելու փաստը ֆիքել են մի քանի ԶԼՄ-ների տեսախցիկներ:
Դեպքի օրը հրապարակվել են հոդվածներ, որոնցում նշվել է ՀՀԿ-ական երիտասարդների ինքնությունը: