Երկրագնդի ամենագեղեցիկ երևույթը և բնության, տիեզերքի ամենագեղեցիկ պարգևը կինն է: Պիտի նրան կարողանանք ընդառաջ գնալ: Շատ հաճախ տղամարդիկ չեն կարող կնոջն ընդառաջ գնալ, եւ դրա պատճառով խաթարումներ են լինում: Նա, կարելի է ասել, պսակն է երկրագնդի: Պատկերացրեք` երեխա , օջախ է ստեղծում, այն գիշերները, որ մութ են, այն գիշերների մեջ, որ մենակությունը ճերմակ օձի պես սավան է դառնում և փաթաթվում քո վզին, միակ օգնականը քո կինն է, կնոջ տաք մարմինը: Երբ դիպչում ես, արդեն զգում ես, որ էս տիեզերքի վրա մի ուժ էլ կա, որ քեզ է նվիրված, և քո փրկությունը այնտեղ ես որոնում:

Աստվածաշունչն ասում է, որ եթե կինն ընկնի, տղամարդը բռնելու է նրան, եթե տղամարդն ընկնի, կինն է բռնելու նրան: Միաժամանակ տիեզերքի ամենաողբերգական կերպարներից մեկն է կինը, կնոջ կյանքում մի քանի փոփոխություններ են կատարվում, որ իրեն տանում են տխրությունների միջով: Պատկերացնու՞մ եք, թե ինչ է նշանակում 9 ամիս երեխա կրելը:

Մյուսն այն է, որ, պատկերացնու՞մ եք՝ 18 տարի դաստիարակվել է մի տեղում և գնում է մեկ այլ տեղ ապրելու՝ ուրիշ օրենքներով, ուրիշ դրվածքով, ուրիշ սովորույթներով: Կնոջ վրա դրանք բոլորը ազդեցություն ունեցող խնդիրներ են:

Հաշվի առեք, թե կնոջն ինչ մեծ առաքելություն է տրված: Երբ տղամարդը զինվոր է, երբ տղամարդը շուտ ընկնող է, շուտ զոհվող է, նրա աչքերը փակողը դարձյալ կինն է՝ իր ուրախության, իր տխրության մեջ:

Գիտեմ` կնոջից ինչ է կախված երկրագնդի վրա:
Լևոն Խեչոյան

Բա ո՞նց սիրտդ չցավա մարդու էս տեսակի կորուստի համար:::

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել