1in.am-ը գրում է.

Մի քանի տարի է՝ երբ դեռ պարզ չի լինում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցի անունը, ի թիվս այլ երգիչների՝ շրջանառվում է Սոնա Շահգելդյանի անունը: Ավելին, 2012-ին երգչուհին պատրաստակամություն հայտնեց մասնակցելու Բաքվում տեղի ունենալիք «Եվրատեսիլ»-ին: 

«Եվրատեսիլ-2014»-ին Հայաստանը կներկայացնի Արամ Мp3-ն: Երգչուհի Սոնա Շահգելդյանն ուրախ է գործընկերոջ համար: Իրեն մասնակցելու առաջարկ չի եղել: «Եթե առաջարկ չի եղել, ինքս էլ չեմ առաջարկի, որ մասնակցեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Երգչուհու կարծիքով՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն ավելի շատ շոու է, քաղաքականություն». «Սա վոկալի մրցույթ չէ, բայց իհարկե՝ կան շատ մարդիկ, ովքեր փայլել են «Եվրատեսիլ»-ի բեմում և դեռ կփայլեն, բայց կարծում եմ՝ այն շոու է, տեսակի մրցույթ է, ինչպես նաև անկանխատեսելի ելքով, քանի որ երբեք չես կարող կանխատեսել՝ ով կհաղթի: Այն «Նոր ալիք» մրցույթի նման վոկալի մրցույթ չէ, «Եվրատեսիլ»-ն ավելի շատ շոու է»: 

Սոնա Շահգելդյանն ուրախ է, որ Արամ Mp3-ն է մասնակցում, ըստ նրա՝ ճիշտ ընտրություն է, թեև կարծիքները շատ տարբեր են: «Նա իմ կոլեգան է, նա շատերից է տարբերվում՝ թե՛ ձայնային տվյալներով, թե՛ ամեն ինչով, և ես նրան հաջողություն եմ մաղթում»,- ասաց երգչուհին: 

Հարցին՝ եթե մյուս տարի իրեն առաջարկեն, կմասնակցի՞, նա պատասխանեց, որ նախ կմտածի այդ ուղղությամբ, դեռ չգիտի. «Ամեն դեպքում ես «Եվրատեսիլ»-ի համար չեմ կոտրատվում՝ մասնակցեմ, թե չմասնակցեմ, ավելի կարևոր բաներ կան կյանքում»:

Իսկ այն հարցին, թե ինչու Հայաստանը ոչ մի անգամ առաջատար տեղերում չի հայտնվում, երգչուհին այսպես պատասխանեց. «Ամեն ինչ գալիս է ճիշտ կազմակերպելուց, ճիշտ PR անելուց, ճիշտ երգ ընտրելուց: Ամեն ինչը պետք է ճիշտ լինի, միայն շոու չլինի, և երգիչը պետք է կարողանա երգել, չասի երգի մրցույթում ձայնս լավ չէր, հիվանդ էի, վատ էի, գցի միկրոֆոնի վրա, որովհետև այնտեղ այնպիսի տեխնիկա է, որ այդ տեխնիկայով դու իրավունք չունես վատ երգես՝ որքան էլ հիվանդ լինես կամ վատ լինես: Արտիստն ամեն ինչ պետք է կարողանա անել՝ և՛ շոու, և՛ երգ, միայն տեսահոլովակով և երգով չես դառնում երգչուհի, այսինքն՝ դու պետք է երևաս, ճիշտ երգես, երգի ճիշտ ընտրություն պետք է կատարես: Դու իրավունք չունես վատ երգես անգամ հիվանդ լինելու դեպքում, եթե դու քեզ վրա վստահ ես»:

Սոնա Շահգելդյանը կրկին ընդգծեց, որ ինքը համաձայն է երաժշտագետների հետ՝ պետք է թե՛ երգը ճիշտ ընտրվի, թե՛ շոուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել