Epress.am-ը գրում է.
Նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը արդեն 14 օր է, ինչ հացադուլ է անում, նա հյուծված է, դժվարությամբ, թեև առանց կողմնակի օգնությամբ է տեղաշարժվում, ունի արյան ճնշման անկում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով երեկ այցելել է Հարությունյանին: Վերջինս բողոքում է իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի դեմ, մասնավորապես, պահանջում է վերացնել հարազատների հետ տեսակցության արգելքը։
Սաքունցի խոսքով՝ Շանթ Հարությունյանը մտահոգիչ է համարում նաև այն, որ իր դատաբժշկական փորձաքննության արդյունքները (Հարությունյանը 1 ամիս պահվել է հոգեբուժարանում) դեռ չեն հրապարակվել, թեև դրանք պետք է պատրաստ լինեին դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 27-ին: Իրավապաշտպանի խոսքով՝ առողջական խնդիրներ ունեն նաև Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված նրա երկու ընկերները՝ Լիպարիտ Պետրոսյանն ու Վահե Մկրտչյանը, որոնք միացել են հացադուլին: Լիպարիտ Պետրոսյանի համար հացադուլը վտանգավոր է, քանի որ վերջինս տառապում է շաքարային դիաբետով:
Սաքունցը ևս մեկ անգամ նկատել է, որ բոլոր գործողությունները, որ կատարվում են Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դեմ, այդ թվում՝ կալանքի կիրառումը, հարազատների տեսակցությունների արգելքը, հեռախոսազանգեր կատարելու արգելքը, որևէ իրավական հիմնավորում չունեն և ապացուցում են, որ ձերբակալվածների նկատմամբ քաղաքական հետապդնում է կիրառվում:
«Հարազատների հետ տեսակցությունն արգելելը նպատակ ունի մեկուսացնել Շանթ Հարությունյանին, զրկել նրան ինֆորմացիայից, իսկ քաղաքական գործչի համար դա մեծ ճնշում է: Ինչո՞վ կարող է տեսակցությունը խանգարել նախաքննությանը: Ոչ մի բանով: Իբր գործով տուժողներ ոստիկանների վրա Շանթի՝ հարազատների հետ հանդիպելը չի կարող ազդել, քանի որ նրանք միևնույն է ոստիկանության աշխատակիցներ են»,- ասել է Արթուր Սաքունցը:
Քաղբանտարկյալի վիճակի մասին Epress.am-ը զրուցել է նաև Հարությունյանի կնոջ՝ Ռուզաննա Բադալյանի հետ:
«Արդեն որերորդ օրն է՝ զանգում ենք ՄԻՊ, ու մեր զանգերին պատասխանող չկա։ Վերջին օրերին ոչ մի լուր չենք ունեցել, միայն երեկ ենք տեղեկացել վիճակի մասին, երբ Արթուր Սաքունցն այցելել է նրան», – ասել է Բադալյանը։
Վերջինիս զարմացրել է նաև այն հանգամանքը, որ արգելք է դրված ոչ միայն այցելությունների, այլև հանձնունք փոխանցելու վրա։
«Երեկ փորձեցի երկու շիշ հանքային ջուր փոխանցել, որպեսզի Սաքունցը փոխանցի Շանթին, դա էլ թույլ չտվեցին ու որպես պատճառ ընդգծեցին ոչ աշխատանքային օրը։ 13 օր հացադուլի մեջ գտնվող անձին անգամ փակ հանքային ջուր փոխանցելը արգելեցին՝ ահա ինչպիսի դաժան վերաբերմունք է նրանց ու մեր նկատմամբ», – ասել է Բադալյանը։
Еpress.am-ի հետ զրույցում Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասել է, որ իրեն վերջին օրերին արգելել են հանդիպել պաշտպանյալի հետ։
«Իմ այն հարցին, թե այդ դեպքում ինչու են թույլատրել դիտորդական կազմակերպության ներկայացուցիչներին այցելել ձերբակալվածներին, մեկուսարանի պետ Զաքարյանը պատասխանեց, թե իրենք հավատարմագրված են կազմակերպության կողմից ու յուրաքանչյուր ժամի կարող են այցելել, իսկ փաստաբանները՝ միայն աշխատանքային օրերին», – ասել է Պետրոսյանը։