Գտի՛ր մի բան, որը քեզ հետաքրքրում է, գտիր մեկին, ով պատրաստ է քեզ դրա համար վճարել և քո մասնագիտական ուղին կլինի հարթ ու հետաքրքիր….
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ-ում այսօր պաշտոնապես գրանցված 78400 գործազուրկ կա: Ընդ որում, միայն Երևանում՝ 28500: Գործազրկության այս բարձր մակարդակի պատճառները շատ են: Շատերիս խորին համոզմամբ՝ սրա հիմնական մեղավորը կառավարությունն է, որը ոչ մի կերպ չի կարողանում բնակչությանն ապահովել անհրաժեշտ աշխատատեղերով, այնինչ զարգացած երկրներում գործազրկության դեմ պայքարող կազմակերպությունները եկել են այն եզրակացության, որ դրանում իր մեղքի մեծ բաժինն ունի նախապես ընտրված սխալ մասնագիտությունը:
Հայաստանում երեխայի ապագա մասնագիտության ընտրությունն սկսվում է ատամհատիկից: Ավելի հասուն տարիքում դրա վրա ազդում են նաև ծնողների մասնագիտությունը, հասարակական կարծիքը և այլն: Դպրոցականների շրջանում մեր անցկացրած հարցումը ցույց տվեց, որ վերջիններիս զգալի մասը իր հետագա ուսումը պատկերացնում է Երևանի մայր բուհում, իսկ նախընտրելի մասնագիտությունների առաջատարներն են՝ դիվանագետ, իրավաբան, տնտեսագետ, հոգեբան և բանասեր: Շրջանավարտների 20 տոկոսն ուզում է բժիշկ դառնալ՝ անտեսելով ուսման բարձր վճարը և համեմատաբար երկար սովորելու փաստը:
Կողմնորոշել ընտրության
հարցում
Հաշվի առնելով աշխատաշուկայում տեղի ունեցող անընդհատ փոփոխությունները և շուկայի առաջադրած նոր պայմանները՝ ՀՀ կառավարության որոշմամբ 2007թ.-ին ստեղծվեց «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: «Այլևս անհրաժեշտ պայման է մասնագիտական կողմնորոշման միջոցով աջակցել դեռահասներին աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտություն ընտրելու հարցում և նպաստել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը», – ասում է կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը: Ըստ նրա՝ այդ գործընթացը պետք է ընթանա հետևյալ փուլերով՝ մասնագիտական ախտորոշում, տեղեկատվության տրամադրում, ծանոթացում մասնագիտության ուսուցման գործընթացին, այցելություններ արտադրական ձեռնարկություններ և հիմնարկներ, ինչպես նաև աշխատանքային պրակտիկայի կազմակերպում:
Աշխատանքի տեղավորման գործակալություններ
Վերջին տասնամյակում ՀՀ-ում գործազրկության խնդրի լուծմանն աջակցելու համար ստեղծվեցին աշխատանքի տեղավորման գործակալություններ: Այսօր Երևանում գործում է շուրջ երկու տասնյակ աշխատանքի տեղավորման գործակալություն, որոնցից յուրաքանչյուրում գրանցված է միջինում 200 մարդ: Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, գրանցվածների միայն չնչին մասն է (ամսական առավելագույնը 10 մարդ) այս ճանապարհով աշխատանք գտնում: Երեսնամյա Արմինե Սահակյանը, ով արդեն 6 ամիս է, որ սպասում է գործակալություններից մեկի պատասխանին, հավաստիացնում է, թե գործակալությունների հիմնական մասը զբաղված է մարդկանց գրանցելու համար պահանջվող 3000-5000 դրամը գանձելով, իսկ գումարն ստանալուց հետո նրանք ընդհատակ են անցնում:
Տնտեսագետ Լևոն Հարությունյանի խոսքով՝ պետական ձեռնարկությունների սակավությունը և մասնավոր տնտեսությունների մեծ քանակը հանգեցրել են նրան, որ ՀՀ աշխատանքի շուկան այսօր հետընթաց է ապրում: «Երբ ընկերության սեփականատերը ինքն է որոշում՝ որքան աշխատող պահել, ինչպես և ինչքան նրանց վճարել, մրցակցության, առավել ևս աշխատաշուկայի ընդլայնման մասին, կարծում եմ, անիմաստ է խոսել», – ասում է նա:
The Economist բրիտանական հեղինակավոր պարբերականի հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում միջին աշխատավարձը 152 դոլար է, Ադրբեջանում՝ 161 դոլար, իսկ Վրաստանում՝ 105 դոլար: ԱՊՀ-ի անդամ երկրներից ամենաբարձր միջին աշխատավարձը Ռուսաստանում է՝ 412 դոլար, ամենացածրը Տաջիկստանում՝ 41 դոլար:
Այնուամենայնիվ, ինչպիսի մեկնարկային հնարավորություններ էլ տրամադրի երկիրը իր քաղաքացիներին, պետք է հիշել, որ չկան «մեծ ապագայով» մասնագիտություններ, կան մեծ ապագայով մասնագետներ:



