Երբ ես փոքր էի, հաճախ էի երազներում թռչկոտում սպիտակ ու փափուկ ամպերի վրայով և հանկարծ...ամպերը ճեղքվում էին, ու ես ընկնում էի երկնքից...
Այո, դուք միայնակ չեք ձեր սարսափ երազներով, բոլորս էլ մեր երազներում ընկել ենք բարձրությունից, չենք կարողացել փախչել մեզ հետևող կատաղած շնից, մերկ հայտնվել ենք մարդկանց առաջ և այլն, և այլն: Բայց հիմա ամեն ինչի մասին հերթով :)
Հոգեբաններն առանձնացրել են առավել տարածված գիշերային սարսափների այս 7-նյակը`
1. Դուք ընկնում եք բարձրությունից կամ խեղդվում եք ջրում. այս երազները սովորաբար տեսնում են մարդիկ, ովքեր շատ խնդիրներ ունեն, և դրանց պատճառով չեն կարողանում թուլանալ:
2. Լաբիրինթոսում մոլորվել եք. Երազում լաբիրինթոսում մոլորված լինելը խոսում է այն մասին, որ իրական կյանքում մարդն ինչ-որ բան անում է իր կամքին հակառակ: Այս սյուժեով երազը ահազանգ է այն մասին, որ խնդիրները անհապաղ պետք է լուծել, քանի դեռ հնարավոր է:
3. Բնական աղետներ. հաճախ հանդիպում են երազներ, երբ մարդը տեսնում է ջրհեղեղներ, երկրաշարժեր կամ աղետներ, որոնցում մեղավորը մարդն է: Նման երազները խոսում են կյանքում որևէ վտանգի առկայության և դրա գիտակցման մասին: Դուք գիտեք, որ ձեզ ինչ-որ հարցում վտանգ է սպասվում, բայց ոչինչ չեք կարող անել:
4. Երազներ, որտեղ դուք հիվանդ եք կամ մահանում եք. նման երազներից մենք արթնանում ենք կոտրված, վատ ինքնազգացողությամբ և թվում է, թե իրականում էլ առողջ չենք: Նման երազները սովորաբար խոսում են մարդու կյանքում փոփոխությունների մասին, որոնց հետ մենք դեռ ամբողջությամբ չենք հարմարվել: Իսկ մահը խոսում է մեր կյանքում ինչ-որ փուլի ավարտի մասին, բայց պարտադիր չէ, որ դա վատ փուլ լինի:
5. Երազում ձեզ վրա հարձակվում են. կամ դուք փորձում եք մեկից թաքնվել: Երազում ձեզ հետևող կերպարը կարող է լինել ինչպես իրական մարդ, այնպես էլ հորինված կերպար: Սա խոսում է այն մասին, որ դուք կյանքում խնդիրներ ունեք, որոնցից փորձում եք թաքնվել, չեք ուզում լուծում գտնել:
6. Փչացել է ձեր հեռախոսը և դուք զանգել չեք կարողանում. սա նշան է այն բանի, որ դուք ինչ-որ մեկին կարոտում եք, կորցրել եք նրա հետ կապը կամ փչացրել հարաբերությունները և դա շատ ծանր եք տանում:
7. Դուք մերկ եք և գտնվում եք մարդաշատ վայրում. սա, թերևս, ամենատարածված սարսափ երազն է և նշանակում է, որ դուք ինչ-որ բան եք թաքցնում մարդկանց առաջ, մինչև վերջ չեք բացվում և չեք ուզում, որ ձեր մասին իմանան ամեն ինչ մինչև վերջ: