Իմ կյանքի մի զգալի մասն անցել է խորհրդային ժամանակներում։ Հայրս՝ Վազգեն Օվյանը, ապրել է միայն այդ ժամանակներում, վախճանվել Արցախյան շարժումից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1987-ի փետրվարի 23-ին։
Տարիներ շարունակ ինձ և իմ հարազատների համար հունվարի 6-ը միայն մի խորհուրդ ուներ՝ հորս ծննդյան օրն էր։ Շատ տարիներ հետո միայն իմացանք, որ այդ օրը նշվում է որպես Սուրբ ծննդյան տոն։ Ինձ համար այդ օրն, այնուամենայնիվ, առաջին հերթին կապված է հորս անվան հետ...

Նրան շատերն էին սիրում ու հարգում։ Միաժամանակ, ուներ խոշորագույն և փոքր տրամաչափի բազմաթիվ թշնամիներ... Ընդհանրապես կատակասեր, մարդամոտ բնավորություն ուներ, սակայն երբ խոսքը Արվեստին ու Գրականությանն էր վերաբերում՝ նա դատավորի պես անաչառ էր։ Թերևս այդ է պատճառը, որ ես պատմվածքներս առաջին անգամ համարձակվել եմ հորս ցույց տալ երբ արդեն 25 տարեկան էի։

Գրում էր օրվա բոլոր ժամերին։ Առավել հաճախ՝ երեկոները, մինչև կեսգիշեր։ Այդ օրերին երբ բացում էի նրա աշխատասենյակի դուռը, ծխախոտածխից մառախուղված սենյակում հազիվ էի նշմարում գրասեղանի հետևում նստած հորս, որ այդ պահերին ինձ պատկերանում էր որպես ամպերի մեջ նստած Աստված։ Հետո ծխից ու անքնությունից մշուշված նրա կապույտ աչքերը հանկարծ պայծառանում էին, և նա ասում էր. «Կարդամ՝ լսիր...»։ Երբեմն ինձ թվում է, թե ես, ցավոք, չեմ հասցրել մի կարգին ճանաչել նրան, չնայած շատ ու շատ հարցերում հաճախ էր կիսվում ինձ հետ և գրեթե միշտ ինձ դարձնում իր առաջին ընթերցողն ու քննադատը։

Գրում էր գրեթե բոլոր ժանրերով։ Երբեմն կիսատ էր թողնում գրածը և ձեռնամուխ լինում նոր գործի։ Նույն ստեղծագործությունը երբեմն մի քանի տասնյակ և ավելի անգամ մշակում-հղկում էր, ժամանակի սղության պատճառով որոշ գործեր չէր հասցնում մշակել կամ, պարզապես, մոռանում էր դրանց գոյության մասին։

Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Հորս մահից շատ տարիներ հետո միայն ինձ հաջողվեց տպագրել նրա անտիպ երկերը։ Անգնահատելի մեծ է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի ներդրումը. հենց այդ ազնվագույն հայորդու աջակցությամբ 2003 թ. Երևանում լույս տեսավ հորս հետմահու լավագույն ժողովածուն՝ «Լեռների լեգենդը»... Վերջերս պետական հովանավորությամբ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ լույս է տեսել նաև երկհատորյակը։


Երևանաբնակ ընկերները հորս մի քանի անգամ առաջարկել էին տեղափոխվել Երևան. գրական անցուդարձին ավելի մոտ կլիներ, ավելի ազատ։ Ձեռքը թափ է տվել. հայրենի Արցախից դուրս իրեն չէր պատկերացնում։ Չնայած կոմունիստական իրավակարգը հորս ստիպում էր լույս աշխարհ հանել հիմնականում ոչ լավագույն ստեղծագործությունները, սակայն շարունակում էր գրել ու ստեղծել բարձրարժեք երկեր՝ համոզված, որ դրանք մի օր լույս պիտի տեսնեն։
Սա ընդամենը փոքրիկ մի կաթիլ է հետմահու տպագրված նրա բազմաթիվ գեղեցիկ գործերի մեջ.

Այս շքերթներից հոգնել եմ արդեն
Ու ձանձրացել եմ ճառերից դատարկ։
Ճառ է հաղորդում ռադիոն երգի տեղ,
Վալսի փոխարեն՝ աղմուկ-աղաղակ։

Կուռքը տապալվել, բայց մի ուրիշ կուռք
Կանգնել է ահա նույն պատվանդանին,
Շողոքորթների ոհմակն ահարկու-
Կրկնում է նորից պատմությունը հին։

Ի՜նչ դիֆիրամբներ և ի՜նչ ցնծություն,
Թերթերում՝ ծափեր, եթերում՝ ծափեր,
Անմիտ ծափերն այս մեզ ու՞ր են տանում,
Այդ ո՞ւմ ենք ուզում ծափերով խաբել։

Այս շքերթներից հոգնել եմ արդեն
Ու ձանձրացել եմ ճառերից դատարկ-
Լեզուս հատեցե՜ք՝ չշողոքորթեմ,
Կտրեցե՜ք ձեռքս՝ որ էլ ծափ չտամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել