«Ազատություն» ռադիոկայանի հաղորդավարը պատմում էր, որ մարդիկ 200000 դրամ վարկ են վերցնում, որ Նոր տարի նշեն: Տաքսիստը լսեց-լսեց, ասաց, որ Մալաթիայի «Երևան Սիթիում» թույլատրում են 60000 դրամի առևտուր անել, 3 ամսում վերադարձնելու պայմանով:
* * *
Հյուր ենք գնացել, տոնական զրույցները վարկ վերցնելու, բանկերի սև ցուցակ ընկնելու, ինչպես նաև անիմաստ ու ոչ անհրաժեշտ իրեր գնելու մասին են...
— Նոր հեռախոս եմ ուզում առնել, բայց սև ցուցակում եմ, — Samsung Galaxy S3 է ուզում ասողը, թեպետ իր ձեռքի հեռախոսն էլ հեչ վատը չի. — վարկ էի վերցրել, աշխատավարձս ուշացնում էին, ես էլ ուշացումով էի վճարում, ընկա սև ցուցակ: Իմ պատճառով եղբորս էլ վարկ չտվեցին, քանի որ մի տանն ենք գրանցված:
— Հա, ես էլ էի ուզում վարկ վերցնել, բայց չտվեցին, ասացին մեր հասցեով էլ մարդ կա սև ցուցակում:
— Աաա, էդ հորքուրն ա: Իրեն խնդրել էինք վարկ վերցնի մեր համար, էլի ուշացրել էինք մուծումները...
Լավ, ես հասկանում եմ՝ վարկ վերցնել, ասենք՝ գործիք ու սարքավորում գնելու համար, տուն գնելու համար, բայց որ նայում եմ, թե ին9ի համար են մարդիկ խրվում պարտքերի մեջ, գլխիս որդերը շարժվում են. երկրորդ (!) հեռուստացույց խոհանոցի համար, նոր խելախոս (այն պարագայում, որ ներկա հեռախոսն ընդամենը 1,5 տարի առաջ է գնել):
Ընկերս պատմում է. «Գյուղում հարևանիս տղու ընկերները խնդրել են, որ իր անունով վարկ վերցնի իրենց երեխեքի համար երեք հատ համակարգիչ գնեն: Վարկը վերցրել է, համակարգիչները գնել են, փողը չեն տալիս»:
Նախ մի կողմ դնելով ուրիշի համար վարկ վերցնելու գերագույն հիմարությունը... Ավելի վատ բան կա. վերցնել վարկ քեզ համար նվազագույն անհրաժեշտության (սովորաբար պերճանքի) առարկայի համար: Էդ անտեր «պերճանքի առարկա» բառակապակցությունը հենց ասում է, որ դրանք այն մարդկանց համար են, որոնք այնքան փող ունեն, որ չգիտեն, թե ոնց ծախսեն, սկսում են անիմաստ իրեր գնել: Երկրորդ հեռուստացույց, նոր թանկարժեք խելախոս, «երեխուն կամպուտր» (ու երեխեդ դրանով հաստատ ոչ ծրագրավորում է սովորելու, ոչ էլ մեկ այլ փողաբեր մասնագիտություն):
Ավելին. փաստորեն ճոխության համար փող չունեցողը փաստորեն ձեռք է բերում իրեն ոչ անհրաժեշտ ապրանքը դեռ մի բան էլ 20-30-40% ավելի թանկ քան վաճառքի գինն է (որովհետև հավելյալ տոկոս է վճարում բանկին): Է չասեմ, որ կարող էր նույն ապրանքը դեռ Երևանի գնից էլ մի 25-30 տոկոսով էժանով ճարեր, եթե կանխիկով դրսից բերել տար:
* * *
Ինչ ուզում եք ասեք. Հայաստանի ամենալուրջ խնդիրներից՝ ժողովրդագրական ճգնաժամի, կրթության համակարգի ճգնաժամի հետ մեկտեղ նաև նյութապաշտության համատարած քարոզն է, որի հետևանքով մարդկանց ուղեղները բառացիորեն անջատվում են: