Kinoashkharh.am-ը գրում է.
Վրաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Էլդար Շենգելայան Երևանի «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից էր, ինչը լավ առիթ էր ոչ միայն փառատոնի կազմակերպիչների համար` հայտնի կինոգործչին շնորհելու «Փարաջանովյան թալեր» մրցանակ, այլև լրագրողների` զրուցելու նրա հետ: ԽՍՀՄ և Վրաստանի կինեմատոգրաֆիստների միությունների ղեկավարի և Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի աշխատանքն իրականացրած Էլդար Շենգելայան թեʹ մի, թեʹ մյուս ոլորտում իր գործունեությունը դրական է համարում, բայց և համեստ: Մերօրյա իշխանավորներին էլ խորհուրդ է տալիս նախ հոգալ հասարակության և հետո միայն սեփական խնդիրները: Նա իր գնահատականն ունի նաև «Ոսկե ծիրան» փառատոնին:
-«Ոսկե ծիրան» փառատոնի մասին, բնականաբար, շատերից եմ լսել, և բոլորն էլ լավ են արտահայտվել, բայց առաջին անգամ եմ մասնակցում և ինքս համոզվեցի, որ այն հեղինակավոր է: Փառատոնը շատ լավ է կազմակերպված, ծրագրերն ու հանդիպումներն էլ հետաքրքրական են, հյուրերը նույնպես հատուկ են ընտրված և նրանց մեջ քիչ չեն Հայաստան առաջին անգամ այցելածները, այնպես որ սա նաև երկիրը ներկայացնելու տեսանկյունից է կարևոր:
- Այս անգամ Հայաստանը Ձեզ ծանո՞թ էր:
- Հաշվել չի լինի թե քանի անգամ եմ եղել Հայաստանում: Կարելի է ասել` ճամփորդել եմ երկրի լայնքով ու երկայնքով: Շատ ամուր էին Հայաստանի կինեմատոգրաֆիստների հետ մեր հարաբերությունները, ինչը, վստահաբար, նպաստում էր ևʹ վրացական, ևʹ հայկական կինոյի զարգացմանը: Ցավում եմ, որ հիմա կապերը նույնքան ակտիվ ու ամուր չեն, բայց հարկ է վերականգնել, և համոզված եմ, որ կրկին օգտակար կլինի: Իսկ այսօրվա տեսածիս մասին ասեմ, որ Երևանը շատ է փոխվել, այլ տեսք ունի, ինչպես և Թբիլիսին: Կարոտում եմ հին Երևանը, այն քաղաքը, որտեղ ընկերներս էին ապրում: Նրանք հիմա չկան: Իհարկե փոխվել են ևʹ Երևանը, ևʹ Թբիլիսին, սակայն հիանալի կլիներ, եթե պահպանեին հին տեսքը:
- Մերօրյա վրացական կինոն ի՞նչ է պահպանել ձևավորված ու ժամանակին վրացական կինոյի ինքնատիպությունը ցուցանող ավանդույթներից:
- Ըստ իս, վրացական կինոյի ավանդույթները բավականաչափ չեն պահպանվում: Ներկայում վրացական կինոյում տեղ են գտնում կրկնօրինակման բնույթի ֆիլմեր: Վրացական կինոյի ավանդույթները, ցավոք, մոլորված, կորած են այսօր: Գլոբալիզացիան անխուսափելի է, բայց վստահ եմ` ազգային մշակույթը մեծ ձեռքբերում է, որի վրա հիմնվելով է հարկավոր ստեղծել ժամանակակից արվեստը: Անգամ խորհրդային ժամանակաշրջանում, երբ ամենայն ազգայինի դեմ արգելք կար, կարողանում էինք ազգային դրսևորումների համար ինչ-որ ձև, ուղի գտնել և անգամ հենց դրանց համար մրցանակներ ստանալ: Միանշանակ է, որ ազգային մշակույթն այն հիմքն է, առանց որի անհնար է մնայուն արժեք ստեղծել: Այսօրվա էլիտար կինոն կոմերցիոն է, որը շատ հազվադեպ եմ նայում, բայց այն էլ, ինչ տեսնում եմ, խելքին մոտ բան չէ:
- Կորուստն անդա՞րձ եք համարում:
- Չէ, իհարկե չէ: Անհնար է, որ որևէ սերունդ զուրկ լինի տաղանդավոր, ինքնատիպ, ստեղծագործ անհատներից: Ասածիցս տարբեր մտածողության ֆիլմ ստեղծելու համար կարևոր է պետական սուբսիդիան: Երբ կինոն ունենա համապատասխան ու բավականաչափ ֆինանսավորում, կստեղծվեն նոր, լավ ֆիլմեր, կստեղծվի իրական կինո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ