Մայր Տաճար

Սիրելի հավատացյալներ,
Մենք ստացել ենք ձեր գրությունը ուղղված Վեհափառ Հայրապետին, որով ցանկանում էիք իմանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը` Վասուլա Ռուդենի. «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ» գրքի առնչությամբ: Նրա գրքի տպագրությունը չի խրախուսվում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի կողմից: Մայր Աթոռ Սուրբ էջմիածինի հովանավորությամբ տպագրվող բոլոր գրքերի տիտղոսաթերթերի վրա պետք է լինի. «Ի Հայրապետութեան» կամ «Հրամանաւ» արտահայտությունները` մատնանշելով ժամանակի Հայրապետի տված օրհնությունը: Վերջինս բացակայում է վերոնշյալ գրքի տիտղոսաթերթից:
Ինչ վերաբերվում է Կաթոլիկ և ՈՒղղափառ ավանադական եկեղեցիներին` նրանք նույնպես «նոր մարգարեուհու» հանդեպ լուրջ վերապահումներ ունեն: 2004 թվականին Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Յոզեֆ Ռացինգերը (Ներկայիս Բենեդիկոս XVI-րդը) հինգ կետանոց հարցադրումներ է ուղղել Վասուլային, որոնց տրված պատասխաները Վասուլայի կողմից ավելի խնդրահարույց են դարձնում գործը: Այն չի խրախուսվում նաև Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի կողմից: Վասուլա Ռուդենի գրվածքները մերժելի են նաև Հայ Եկեղեցու եկեղեցաբանական տեսակետից:
Իր գրվածքներում պարզ չէ, թե որ եկեղեցու աստվածաբանությունն է գործածում: Մի տեղ Կաթոլիկ եկեղեցու դավանաբանությանը բնորոշ դրույթներ է օգտագործում, մի այլ տեղ Հույն ՈՒղղափառ եկեղեցու: Նա կարող է հայ հավատացյալին շեղել իր ավանադական եկեղեցուց` վտանգի տակ դնելով մի շարք եկեղեցաբանական ու դավանական հարցեր:
Հայ Եկեղեցու հայրերը ստեղծել են բազմաթիվ հոգեպարար գրվածքներ և գրքեր, ինչպիսիք են` Նարեկացու, Ներսես Շնորհալու և բազմաթիվ այլ հայրերի ոսկեղենիկ գրվածքներ, որոնք ունեն հոգևոր այն սնունդն ու ճշմարտությունը, որով կարող է ապրել յուրաքանչյուր քրիստոնյա: Այս գրականությունը այսօր ամբողջավին վերահարատարակվում և նորովի է մատուցվում, և մեր հորդորը պիտի լինի, որպեսզի ընթերցեք և տարածեք հենց այս գործերը:
Մաղթում են ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ:

Օրհնությամբ ` Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել