Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ,
շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Անշուշտ, Նոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորս: Սպասում ենք այն ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր նվիրական այն երազանքները, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր սրտում: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները:
Տարեմուտի շեմին նաև ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: Անցնող տարին կարող ենք վստահաբար ասել, որ մեր սիրելի Երևանն ամփոփում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված մի շարք հաջողություններով ու ձեռքբերումներով: Մայրաքաղաքին ու մեր բնակչության հարմարավետության ապահովմանն առնչվող տարեկան բոլոր ծրագրերը, շնորհիվ համակարգված ու արդյունավետ աշխատանքի, հաջողությամբ կյանքի են կոչվել: Դրանում, անշուշտ, մեծ է նաև ձեր դերակատարումը, սիրելի երևանցիներ, քանզի այդ ամենը կյանքի է կոչվել ինչպես ձեր վստահության ու նվիրումի, այնպես էլ ձեր աջակցության, հաճախ նաև անմիջական մասնակցության շնորհիվ:
Եվ ես համոզված եմ, որ այդ նույն վստահությամբ և նվիրումով աշխատելու ենք նաև 2014-ին ու հաջորդող բոլոր տարիներին, որպեսզի օր առաջ ունենանք մեր բոլորի երազած ապահով, մաքուր, հարմարավետ ու ավելի լավ Երևանը:
Երևանը բոլորիս տունն է, մեր մեծ ընտանիքը, ուր բազմաթիվ հայորդիներ այս օրերին բարեմաղթանքներ են հղում, որոնց սրտանց միանում եմ:
Թող Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորին: Թող անցնող տարում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը և թող բոլորս դրական նոր լիցքերով, սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով մտնենք նոր տարի: Ու թող, որ 2014-ը խաղաղություն և բարօրություն բերի մեր երկրին ու մեր ընտանիքներին:
Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի սիրելի հյուրեր,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ առողջություն, հաջողություններ բոլոր ձեռնարկումներում և անսահման սեր ու երջանկություն բոլոր ընտանիքներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/TaronMargaryan/posts/640282732684176:0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել