Տարեմուտը՝ Նոր տարին, այսօր տոնում են և՛ քրիստոնյաները, և՛ այլադավանները: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Տարեմուտը տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը՝ ինչպես ամիսների սկիզբ: Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և ընծաներ մատուցում, քանզի այդ օրը Ադամի ստեղծման օրն է, ումից և մենք սերվեցինք: Այդ պատճառով «նիսան»-ը թարգմանվում է կազմություն և լինելություն: Այդպես Տարեմուտն ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, որից հետո այն պահպանվեց միայն Եբերի ընտանիքում, ումից և ավանդվեց հրեաներին:
Մյուս ազգերը սկսեցին Տարեմուտը տոնել տարբեր օրերի: Լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետները իրենց ընտանիքներն առաջնորդեցին դեպի իրենց վիճակված երկրները, և այն օրը, երբ տեղ հասան, Տարեմուտ հայտարարեցին իրենց ազգի համար, և տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս: Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:
Հայերը Տարեմուտը տոնում էին ամռանը՝ օգոստոսի 11-ին, ըստ հայկական օրացույցի՝ նավասարդի 1-ին: Ըստ ավանդության, Հայկ նահապետը Հայոց ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն պարգևել իր տոհմին ու հետնորդներին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոս 2492 թվականին: Եգիպտացիները, եթովպացիները, կապադովկիացիները, վրացիները և աղվանները տոնում էին հայերից չորս օր հետո: Հույների ու ասորիների Տարեմուտն աշնանն էր՝ սեպտեմբերին: Հռոմեացիներինը՝ ձմռանը՝ հունվարին:
Եբրայեցիների Տարեմուտը նիսանի 1-ին է, քանզի նրանք նիսան ամսին ազատվեցին Եգիպտոսի ստրկությունից և առաջնորդվեցին դեպի իրենց վիճակված երկիրը, ինչը Տիրոջ նախախնամությամբ համընկավ Ադամի արարման օրվա հետ: Տերն այդ օրը կարգեց հրեաների Տարեմուտը՝ ըստ այս խոսքի. «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի» (Ելք ԺԲ 2): Հնում հրեաները տոնում էին նաև բոլոր ամիսների ամսամուտները՝ ամսվա առաջին օրերը, և այդ օրերի համար Մովսեսը հատուկ զոհեր էր սահմանել. «Ամսվա առաջին օրերին Տիրոջը ողջակեզ կմատուցեք… ողջակեզները պիտի մատուցեք յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, տարվա բոլոր ամիսներին» (Թվեր ԻԸ 11, 14): Աստված Մովսեսի միջոցով հրամայեց բոլոր ամսամուտներին և Տարեմուտներին փող հնչեցնել և բոլորին Աստծու տաճարում ժողովել, որպեսզի ցնծությամբ տոնեն ու երկրպագություն մատուցեն Աստծուն, Ով Արարիչն է ժամերի ու ժամանակների և Իր կամքով շարժում է տարին և ամբողջացնում:
Այսօր բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոս այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մեզ ազատեց հավիտենական մահից, և առաջնորդում է Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ այդ ամիսը մեզ համար դարձավ ամիսների սկիզբ: Ինչպես հին Իսրայելը Մովսեսի միջոցով ազատվեց մարմնավոր և ժամանակավոր գերությունից ու հրաման ստացավ անբան գառների արյունը ցողել տան դռան սեմերին և Տարեմուտ տոնել, այդպես էլ նոր Իսրայելը՝ Եկեղեցին, Աստծու Միածին Որդու միջոցով ազատվեց հոգևոր և հավիտենական մահից ու հրաման ստացավ Աստծու անարատ Գառան Արյամբ ցողել հոգու և մարմնի սեմերը և ուրախությամբ բոլորին հայտնել, որ գերի էինք, և Աստված մեզ ազատեց:
Դա մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է, և այդ օրը եկեղեցիներում սուրբ Պատարագ է մատուցվում: Այդ օրը հավաքվում ենք միասին, տոնում Տարեմուտը և միմյանց ընծաներ մատուցում՝ ասելով՝ «Շնորհավո՜ր Նոր տարի»: Եվ գոհություն ու երկրպագություն ենք մատուցում Տիրոջը, որ անցնող տարին խաղաղությամբ անցկացրինք և խնդրում, որպեսզի եկող տարում ևս մեզ խաղաղությամբ պահի:
Այս տոնը կոչվում է նաև Կաղանդ և Ամանոր: Կաղանդ նշանակում է ամսագլուխ, այսինքն՝ ամսվա առաջին օրը: Այսօր Կաղանդ է կոչվում տարվա առաջին օրը: Հայերս տարվա առաջին օրն անվանում ենք նաև Ամանոր, որը բուն հայկական բառ է, որտեղ «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ Նոր տարի: Նաւասարդը, որը զենդերեն բառ է, նույն իմաստն ունի. «նավ» նշանակում է նոր, իսկ «սարդ»՝ տարի:
Տասնութերորդ դարում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով, հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ հայերիս համար:
Ժողովրդի մեջ սովորություն կա ամանորյա տոների կապակցությամբ տոնածառ զարդարել, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: Մեզ մոտ ընդունված է եղևնի զարդարել, որի մշտադալարությունը խորհրդանշում է Աստծու անսպառ բարիքները և անհատնում շնորհները:
Իսկ կեսգիշերին նվերներով մեզ հյուր եկող Ձմեռ պապը, ըստ ավանդության, սուրբ Նիկողայոս հայրապետն է՝ Զմյուռնա քաղաքի մետրոպոլիտը: Նա 325 թ. մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին և եղել 318 հայրապետների թվում: Սուրբ Նիկողայոսը, ում եվրոպացիներն անվանում են «Սանտա Կլաուս», մեծ սքանչելագործ է եղել: Նա իր աղոթքներով օգնության է հասել բազում նեղյալների: Նրա աղոթքներով վերստին բխել են ցամաքած աղբյուրները, բազմացել է հացը, հալածվել են դևերը, սրբվել՝ ախտակիրները: Սուրբ Նիկողայոսի մահից հետո էլ մարդիկ շարունակել են դիմել նրա բարեխոսությանը և ստացել իրենց խնդրվածքները: Այդ պատճառով էլ ժողովրդի մեջ տարածվել է այդ ամենահաս սրբի համբավը և հասել մինչև մեր օրերը: Սուրբ Նիկողայոսի տոնը Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Խաչի տոնի տասներորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/6835
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել