Kinorashkharh.am-ը գրում է.
-Ծնվել եմ Երևանում` 1968 թվականին: 88-ին, երբ վերադարձա բանակից, Երևանում արդեն սկսվել էր համազգային շարժումը: Այն փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում հասարակության մեջ, ինձ համար չափազանց հետաքրքիր էին, ու ես որոշեցի այդ ամենն անպայման հանձնել ժապավենին: Ինքս տեսախցիկ չունեի, որովհետև 88-ին տեսախցիկ ունենալը ֆանտաստիկ բան էր, այն գրեթե բնակարանի գին ուներ: Ընկերս տվեց իր տեսախցիկը, ու ես սկսեցի նկարել այն, ինչ կատարվում էր այստեղ` Երևանում: Քանի որ հանրահավաքների լուսաբանման առումով պետական հեռուստաընկերությունն առանձնապես ազատ չէր, իմ նկարահանած տեսանյութերը սկսեցին մեծ պահանջարկ վայելել: Ավելի ուշ սկսեցի համագործակցել միջազգային լրատվամիջոցների հետ, նյութեր էի պատրաստում BBC-ի, ABC-ի, այլ գործակալությունների համար: 1989-ին մեկնեցի Արցախ և նյութեր էի տրամադրում նաև այնտեղից:
1991-ին շարժումն աստիճանաբար վերածվում էր պատերազմի, ու ես հայտնվեցի Գետաշենում ու Մարտունաշենում, ուր արդեն իրական պատերազմ էր խորհրդային հզոր զինտեխնիկայի դեմ: Այնտեղ էր Թաթուլ Կրպեյանն իր ջոկատով, Սիմոն Աչիկգյոզյանը` Դեդ մականունով, ՙԱրաբո՚ ջոկատի տղաները: Բոլորին նկարել եմ, բայց հիմականում` թիկունքից: Այն ժամանակ դեռ գոյություն ուներ խորհրդային ՊԱԿ-ը: Եվ չմոռանանք, որ այն, ինչ այսօր անվանում ենք «Ազատագրական բանակ», այն ժամանակ համարվում էր զինված անօրինական կազմավորում: Խորհրդային ղեկավարության համար մեր տղաները պարզապես զինված ծայրահեղականներ էին ու գրոհայիններ: Ահա թե ինչու ևʹ Թաթուլին, ևʹ Սիմոնին, ևʹ Արթուրին, որը Թաթուլի օգնականն էր, հիմնականում նկարել եմ թիկունքից: Դա նրանց անվտանգության համար էր:
Իմ տեսախցիկն այն ժամանակ հասցրեց վավերացնել նաև տխրահռչակ «Օղակ» գործողության մի շարք դրվագներ: Խորհրդային զորքն ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ, փաստաթղթերի ստուգման պատրվակով, մտավ Գետաշեն: Իսկ մենք անտեղյակ էինք, որ նրանք ունեն Գետաշենի հայաթափման հրաման: Մենք զինված չէինք, քանի որ զենքը թաքցրել էինք: Նրանց իրական մտադրությունը կռահելով` Թաթուլը հանկարծ մի զարմանալի քայլ կատարեց. նռնակը ձեռքում պահած` ցատկեց ԲՏՌ-ի վրա ու ռուս սպային ամուր թափահարելով` բղավեց. «Եթե զորքը հետ չքաշեք, կպայթեցնեմ նռնակը»: Ես այդ պահին հասկացա, որ Թաթուլի համար ամեն ինչ ավարտված է, բայց շարունակում էի նկարել: Այդ իրադարձությունից հետո շատ կարևոր մի դաս քաղեցի` եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել: Իր հերոսական քայլով Թաթուլն այդ օրը զոհվեց, բայց փրկեց շատերի կյանքը: Ադրբեջանական ՕՄՕՆ-ն իսկապես ետ քաշվեց: Գետաշենը հայաթափվեց, բայց զոհեր համեմատաբար քիչ ունեցանք:
Թաթուլի մահն ինձ համար ամենածանր կորուստն էր, որ մինչ այդ երբևէ ունեցել էի: Երկու օր անց իմացանք, որ Մարտունաշենում զոհվել է նաև Սիմոն Աչիկգյոզյանը, որն «Արաբո» ջոկատի հետ մարտնչել ու թույլ չէր տվել, որ թշնամին գյուղ մտնի: Սիմոնը գիտնական էր, ֆանտաստիկ մի անձնավորություն, չափազանց զուսպ, պարկեշտ, հոգևոր երգեր էր երգել «Նարեկ» երգչախմբում: Նա բռունցքի մեջ էր պահում իր ջոկատը, բայց ոչ թե ուժով, այլ իր հեղինակությամբ, պարկեշտությամբ: Այսօր ես հաճախ եմ մտածում` ինչպիսի՞ն կլիներ մեր ներկան, եթե չզոհվեին Թաթուլը, Սիմոնը… Միթե նրանք էլ կփոխվեին, ուրիշ մարդ կդառնային: Չեմ կարծում, որ նրանք կփոխվեին:
«Օղակ» գործողության ժամանակ կատարած իմ բոլոր տեսագրությունները, ցավոք, կորցրեցի, երբ գերի ընկա: Գործողությունից հետո մասնակցում էի գերիների փոխանակման գործընթացին, գնում էի ադրբեջանցիների հետ բանակցությունների, պայմանավորվածություններ ձեռք բերում: Բանակցությունների վերջին օրն ինձ ասացին, որ դրանք այլևս ավարտված են, ինձ ձերբակալեցին ու տեղափոխեցին Գանձակի բերդ: Երկու ամիս այնտեղ մնալուց հետո ինձ ևս փոխանակեցին:
Գիտե՞ք, պատերազմը սկսվում է, ու որևէ մեկը չգիտի, թե այն ինչպես կավարտվի: Պատերազմն այն չէ, ինչից կարող ես հաճույք ստանալ: Ավելի հաճախ քեզ այցելում է փախչելու ցանկությունը: Բայց մեր պատերազմում դա անհնար էր, քանի որ ինքդ քեզնից փախչել չես կարող: Մենք բոլորս էլ գիտակցում էինք, որ այդ պատերազմը մեզ պարտադրված, բայց անհրաժեշտ պատերազմ է, և միակ տեղը, ուր մենք կարող էինք փախչել, առաջին գիծն էր: Մեր պայքարը միակ հնարավոր և ճիշտ ճանապարհն էր` պահպանելու այն, ինչ գտնվում էր այդ գծից այս կողմ ու կոչվում էր հայրենիք: Մեր պատերազմն իսկապես արդար էր, ու ես չափազանց ուրախ եմ, որ այն ավարտվեց հենց այդ արդարության հաղթանակով:
-1993 թվականին Դուք հիմնեցիք «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիան, որտեղ էլ նկարահանեցիք «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը, որը Ձեզ բազմաթիվ մրցանակներ բերեց: Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը:
- Գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ պատերազմն արդեն անցյալում էր, և ցանկություն կար անգամ ոչ թե մոռանալ այդ պատերազմի մասին, այլ մի տեսակ հետ մղել հիշողություններըª կյանքի մեկ այլ փուլ մտնելու համար: Ես ամուսնացել էի, ունեի երեխաներ: Ստեղծվել էր «Բարս Մեդիան», որն այն ժամանակ վավերագրական ֆիլմերի միակ անկախ ստուդիան էր: Պատերազմից բերած ողջ նյութն արխիվացրել էի: Հիմնականում բնապահպանական ֆիլմեր էինք նկարահանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ