Շուտով մեր զանգերը կազդարարեն 2014 թվականի սկիզբը, կրկին Ամանոր: Այս տոնին ամեն տարիքում ես յուրովի եմ սպասել, մեկ պահ ետհայաց գցելով ես մի փոքրիկ բան նկատեցի, որը իմ համար շատ կարևոր է, ես ու Հայաստանի 3-րդ Հանրապետությունը հասակակիցներ ենք: Փոքր հասակում, երբ կային դժվարություններ, մեզ նույնիսկ փայլուն թղթով փաթեթավորված կոնֆետն էր թվում հրաշք, հետո սկսեցինք զարգանալ, ես սովորում էի, իսկ իմ պետությունը կայունանում էր: Հիմա երկուսս էլ կայացնում ենք որոշումներ, որոնք մեր կամքին հակառակ չեն կարող լինել: Իհարկե, տեղ-տեղ զիջումների ենք գնում, որովհետև կյանքում միշտ էլ այդպես է՝ մի բան զիճում ես 2-ը վերցնելու համար:
Տոներին ես մոռանում եմ իմ խնդիրների մասին, որովհետև այս պահին պետք է ուրախանալ, իմ պետությունը նույնպես լուսավորվում ու նպաստում է իմ ուրախությանը: Դեռ ինձանից տարիքով մարդիկ էին ասում՝ ինչպես սկսես տարին, այնպես էլ կընթանա: Դե մենք որոշել ենք ուրախ սկսել: Խորհուրդ եմ տալիս բոլորն էլ ուրախ լինեն: Ուրախությունը պայմանավորված չէ առատ սեղաններով, կարելի է ուղղակի ուրախանալ մեկ գավաթ թեյի շուրջ հավաքվելով: Ես ինքս հավատում եմ հրաշքների, բայց հրաշքները միայն երազներում են, իսկ ռեալ կյանքում երազելու ժամանակ չկա:Երազանքները պետք է դարձնել նպատակ ու հասնել նպատակի իրականացմանը: Ես չունեմ սեփական ինքնաթիռ ու ռեալ էլ չեմ համարում Ձմեռ պապիկից ինքնաթիռ խնդրելը: Այդպես էլ իմ պետությունն է չունի ազատ ելք դեպի ծով ու ունի թշնամիներ, ինքն էլ Ձմեռ պապից չի խնդրում ծով ու բարի հարևաններ: Մենք 2014-ին պետք է աշխատենք, որ ես ինքնաթիռ ունենամ հետագայում, իսկ ինքը ծով ու բարի թշնամիներ:
Իհարկե, հիվանդություններ նույնպես կլինեն նոր տարում: Բայց մենք այդ վիրուսներից չենք վախենում: Դրանք միշտ էլ կան, բայց դրանց գոյությունը անհրաժեշտություն է, որպեսզի մենք էլ ավելի կայանանք: Ես օգնում եմ պետությանս, պետությունս օգնում է ինձ: Մենք միայնակ չենք թողնում իրար:
Իմ և Հայաստանի Հանրապետության անունից ցանկանում եմ, որ 2014 թվականը լինի բոլորի համար երջանկության տարի, 2013-ին մեզ լքեցին շատ սիրված մարդիկ: 2014-ին նրանք երկնքից կաջակցեն մեզ: Ժպտացեք և ժպիտներ պարգևեք միմյանց:
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Զատիկը:



