Շնորհակալություն, մարդիկ, որ դուք կաք ու կաք այդպիսին, կամ ամանորյա իրական պատմություն:
Շտապեմ լրացնել երեկ, մեր մի տարեց համաքաղաքացուհու՝ Քնարիկ Ն.-ի հետ կատարված դեպքի պատմությունը:
Բայց նախ հիշեցնեմ, թե ինչ էր եղել.
Դեկտեմբերի 29-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևանի Թումանյան 25 և 27 շենքերի միջակայքում գտնվող բակային անցուղում մի 65-70 տարեկան տատիկ էր ընկած: Կնոջ պատմածը կցկտուր էր, ու հնարավոր չէր պարզել՝ սայթաքե՞լ է, ինչպե՞ս է ընկել: Նա կոտրվածք ուներ: Երբ ես մոտեցա, 18:10-ն էր, և տասնյակից ավելի մարդիկ էին հավաքված՝ թե՛ երիտասարդներ կային, թե՛ միջին ու բարձր տարիքի: Տատիկին չէր կարելի տեղից շարժել, որովհետև ակնհայտորեն կոտրվածք ուներ, և անհասկանալի էր, թե ինչն է կոտրվել ու տեղաշարժելով, կարող էինք վնաս պատճառել: Տատիկը այդպես էլ հստակ հասցե ու հարազատի անուն չնշեց, ասելով, որ Սարի թաղում է բնակվում, ազգականների տանը:
Տեսնել էր պետք, թե ամեն մեկն ինչպես էր փորձում մի բանով օգտակար լինել: Մեկն իր գլխարկը դրեց տատիկի գլխի տակ, մեկ ուրիշը՝ շարֆով փաթաթեց, երրորդը մխիթարում էր, ու մի վայրկյան անգամ չհեռացավ: Մի երիտասարդ աղջիկ, հանեց ու շատ զգուշորեն տատիկի սառած ձեռքերին հագցրեց իր ձեռնոցները:
Տարոն անունով մի տղամարդ ու մի քիչ էլ ձեր խոնարհ ծառան, երևի «նադայել» արեցինք շտապօգնությանն ու 911 ծառայությանը, որոնց նախքան մեզ էլ էին ահազանգել: Երևի ցրտի ու լարվածության պատճառով մեզ թվում էր, թե շատ երկար ժամանակ է անցել, բայց չնայած այդ ընկալումներին, մոտ 18:20-ին շտապօգնության 4-րդ բրիգադը (առանձին շնորհակալություն) տեղ հասավ և տատիկին տեղափոխեցին:
Ավելի ուշ, մոտ 2 ժամ անց ճշտեցի, որ տատիկն իսկապես կոտրվածք էր ստացել և այժմ գտնվում է թիվ 2 կլինիկայում: Առողջություն իրեն:
Այսօր, դեկտեմբերի 30-ի առավոտյան իմացա այս հուզիչ պատմության շարունակությունը: Հիվանդանոցի հերթապահից տեղեկացա, որ մեր տատիկի ձախ ձեռքն իսկապես կոտրվել էր՝ բազկոսկրի շրջանում, իսկ բացի այդ, սրունքի շրջանում, ոտնաթաթին մոտ, կտրված վերք է ունեցել: Քնարիկ Ն.-ին ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնություն՝ ամբողջ ծավալով՝ կոտրված ձեռքը գիպս է դրվել, ոտքի վերքին՝ կար: Բժիշկներին տատիկը հայտնել է իր հասցեն, և երբ նա իրեն բավարար է զգացել, տատիկի համար բուժանձնակազը տաքսի է կանչել և ճանապարհել տուն: Արժե՞ ասել, որ բժիշկները հոգացել են ճանապարհածախսը...
Նորից ու նորից եմ ասում՝ հա՛, ես հպարտ եմ, որ մենք այսպիսի ժողովուրդ ունենք:
Շնորհակալություն, մարդիկ, որ դուք կաք ու կաք այդպիսին:
Շնորհավոր բոլորի գալիք Նոր տարին և Սուրբ ծննդյան տոնը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել