A1plus.am-ը գրում է.
Արարատի մարզի Հայանիստ գյուղում նոր տարվա շունչը դեռ չի զգացվում:
Նախատոնական օրերը գյուղում չեն տարբերվում տարվա մյուս օրերից: Այստեղ առայժմ գյուղի տղամարդիկ նարդի են գլորում, կանայք էլ առօրյա տնային գործերով են զբաղված:
Գյուղացիներն անցնող տարուց գոհ չեն: Բերքն առատ չի եղել: Ասում են` քաղաքացու պես Ամանորյա սեղանին կդնեն այն, ինչն իրենց համեստ եկամուտով կարող են ձեռք բերել խանութներից: Ամանորն էլ կշնորհավորեն ոչ թե տնական ծիրանի օղիով, այլ մեկ ուրիշ խմիչքով:
Սվետլանա Մակյանը գալիք Ամանորի մասին չի էլ մտածում: Ասում է` ընտանեկան բյուջեն շատ սուղ է, ստացած թոշակն էլ չի բավականացնի Նոր տարվա գնումների համար. «Բոստանից տանձ ու խնձոր էլ դուրս չի գալիս, որ սեղանին դնենք, ծիրանն էլ վատն ա եղել, չենք կարացել չիր անենք, որ գոնե սեղանին դնենք», - մտահոգվում է Սվետլանա տատիկը:
Բնակիչներից Անյուտա Դեմիրճյանի խոսքով` գյուղացին այսօր քաղաքացի է դարձել, արտադրողից դարձել սպառող. «Մենք էլ ենք քաղաքացի, նրանց նման մրգերն ու բանջարեղենն առնում ենք, գյուղացին բերք չի կարողանում ստանալ, դրա համար էլ թանկ ու կրակի գնով առնում ենք»,- ավելացրեց Հայանիստի բնակչուհին:
Հարևանուհին էլ ավելացնում է, որ Նոր տարին առատ սեղանի շուրջ դիմավորելու համար վարկ չի վերցնելու, ճոխության հետևից չի ընկնելու. «Ինչպես կարանք՝ կնշենք, մեր գրպանի չափով Նոր տարի կանենք»:
Իսկ տիկին Մարթայենց տանն այսօր կմորթեն Նոր տարվա խոզուկին. «Մեր հնարավորությունների սահմանում, մեր պահած խոզի մսով ու մեր քաշած գինով նոր տարի ենք անելու», – ասաց նա: