տիկօKinoashkharh.am-ը գրում է.

“Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու,”- ասել է Հրանտ Մաթևոսյանը: Արվեստագետի, մտավորականի նրա կերպարը մնաց անապակ ու պատկառանք ներշնչող: Այսօր, երբ չափանիշները մի տեսակ որակազրկվել են, նշաձողն իջել է, մշակույթն ու արվեստը խորքային արժեքներից երբեմն կամ ցավալիորեն հաճախ վերածվում են մակերեսի, դասականի բարձր կոչումը հարկադիր անգործության է մատնվում: Տարվա մեծ մասն ապրում է Երևանում, ժամանակ առ ժամանակ մեկնում է ԱՄՆ՝ դստեր մոտ: Իսկ ստեղծագործական հրավերներ արտասահմանյան երկրներից հաճախ են լինում: Մաեստրոյին երբեմն կարելի է տեսնել բարձրակարգ համերգներին ու հանդիպումներին՝ համակ ուշադրություն ու ոգևորություն դարձած: Իսկ ընդհանրապես իր տանն է՝ նոտաների աշխարհում. անվերջ աշխատում է: Մանսուրյանական երաժշտությունից մեր կինոն էլ, բարեբախտաբար, իր բաժինն ունեցավ “Կտոր մը երկինք”, “Մենք ենք, մեր սարերը”,”Նռան գույնը”, “Հին օրերի երգը”, “ՙՃերմակ անուրջներ”, “Աշնան արև”. սիրելի ու հարազատ ֆիլմեր, որոնք հիշարժան ու տպավորիչ են դարձել նաև կինոերաժշտությամբ: Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական բազմաժանր ժառանգության մի փոքրիկ մասն են այդ կինոմեղեդիները, բայց արի ու տես,որ ժողովուրդն աշխարհահռչակ կոմպոզիտորին մեծ մասամբ ճանաչում է հենց այդ գործերով: Մաեստրոն հայ կինոյի հետ իր համագործակցության մասին անցյալ ժամանակով է պատմում, որովհետև այլևս կինոերաժշտություն չի գրում: Սակայն վերապրում է այն տառապանքը, որից և ծնվել է ֆիլմերի երաժշտությունը, և որի շնորհիվ զգացել է հաջողության բերկրանքը:- Մաե՛ստրո, ե՞րբ մտաք կինոաշխարհ, և ինչի՞ց սկսվեց Ձեր հանդիպումը կինոյի հետ:

 

- 1964 թվականն էր, ես 4-րդ կուրսի ուսանող էի: Պետք եղավ փաստագրական ֆիլմի համար երաժշտություն գրել: Շատ չարչարվեցի, բայց, ինչպես հետո պարզվեց, պատվով դուրս եկա, որովհետև դրանից հետո 5 տարի տևականորեն փաստագրական այլ ֆիլմերի համար երաժշտություն էի գրում: Կինոյի աշխարհն ինձ համար դարձավ շատ մտերիմ ու սիրելի: Այն ֆիլմերը, որոնց համար երաժշտություն եմ գրել, մի ընտանիք են: Շատ գնահատում եմ այն կինոերաժշտությունը, որը գունազարդելու միտում չունի, ներկա է ու ներկա չէ. գնահատում եմ նրա պարզ, առօրեական ընթացքը: Մի սյուժե դուրս է գալիս մի իրավիճակից, մտնում մյուսի մեջ. արանքում անօդ տարածություն կա՝ ճոճք, ճոճվելու տարածություն: Կինոերաժշտությունը պետք է լինի պարզ լուծումներով, առանց հորինելու: Պարզ երաժշտություն գրելն ինքնին բարդ է, պարզին հանգելը շատ բարդ է:

- Կինոդիտողն անմիջապես տարբերում է Ձեր գրած կինոերաժշտությունը, ուրեմն այն առանձնահատուկ է: Ինչպե՞ս եք հասել դրան:

- Ֆիլմերը, որոց համար երաժշտություն եմ գրել, նկարագրում են կա՛մ Հայաստանի գավառական քաղաքները, կա՛մ գյուղերը: Այդ մարդկանց հոգեբանությունը շատ հարազատ է ինձ, ես Արթիկում եմ մեծացել ու ճանաչում եմ, լավ գիտեմ այդ մարդկանց: Մեղեդիներն այդ ճանաչողության հիմքից են գալիս, որտեղ պարզ, մարդկային հարաբերություններ են, միմյանց հասնելու, օգնելու ձգտումներ: Այդ բոլորը ներշնչում են երաժշտություն դառնալու ճանապարհին: Եթե նկատել եք, ես երբեք իմ երաժշտության մեջ չեմ խոսել մայրաքաղաքի կամ առհասարակ մեծ քաղաքների անունից: Այն ժամանակվա մեր երգերը բազմամիլիոնանոց քաղաքների միջավայրում էին ծնվում ու ապրում, այդ շքեղուէթյունն էին կրում: Ես դրան դիմելու կարիքը չունեցա երբեք: Դա է ինձ տարբերում մյուսներից: Անհատականություն ասվածը հենց դա է:

- Ձեր երաժտության հետ Դուք էլ եք ներկա այդ ֆիլմերում, իսկ Ձեր երաժշտությունն իր հերթին առանձին սյուժե է դառնում ֆիլմում: Ինչպե՞ս եք բռնում ֆիլմի ջիղը և “բարեկամանում” նրա հետ:

- Առհասարակ ֆիլմի հետ աշխատելիս գլխավոր խնդիրը բանալին գտնելն է: Երբ բանալին գտնում ես, արդեն գիտես՝ հանուն ինչի ու ինչպես միջամտես ֆիլմին: Հնարավորություններն այնքան մեծ են՝ ձայն, մեղեդի: Կադրի շարժումն ինքնին ռիթմ է. Առաջ է գալիս հարցը` հիմա քո ռիթմը պիտի հակադրվի՞ նրան, թե միանա, դառնան զուգահեռնե՞ր, թե՞ մեկը մյուսի հետ ընդհարման մեջ լինի, և արդյունքում մի երրորդ կարգի լուծում առաջ գա: Ինչպիսի՞ն պետք է լինի ձայնային հյուսվածքը, մեղեդի՞ է, թե՞ մեղեդի չէ: Երբեմն բոլորովին էլ չի պահանջվում մեղեդի, ուղղակի հարկավոր է լինում հնչյունային գույնի մի բիծ թափել, ինչպես նկարչության մեջ: Երբեմն պետք է ֆիլմի պոետական շեշտն ընդգծել, թև տալ, թռցնել երաժշտությամբ, ինչպես ՙՃերմակ անուրջներում՚, երբ հերոսն աղավնիները թռցնում է, ու նրանք ճախրում են կապույտ երկնքում, կամ երբ “Կտոր մը երկինք” ֆիլմում Թորիկը նայում է երկնքում սավառնող թռչուններին: Ուրեմն երաժշտությունը պետք է լինի այդ թռիչքը` զուսպ, հայավարի, բայց միաժամանակ` արտահայտիչ: Այնպիսի հետաքրքիր զուգորդումներ են եղել: Երաժշտությունն ու պատկերն այնքան ճշգրտորեն տեղն են ընկել: Երբեմն դու որոշում ես, որ պետք է պատկերի ու երաժշտության շեշտադրումն այ այստեղ համընկնի, երբեմն էլ նախապես չես որոշում, չես կարևորում, բայց իրենք իրենց տեղն են ընկնում: Այ դա իսկական գեղեցկություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել