Ասում են` Նոր տարվա գիշերը ճապոնացիներն իրենց տաճարներում խփում են զանգերը 108 անգամ, որովհետև, ըստ նրանց մեկնության, մարդը 6 հիմնական մեղք ունի, իսկ յուրաքանչյուր մեղք` իր 18 արտահայտման ձևերը: Ամանորի գիշերը ճապոնացիները հիշում են իրենց մեղքերի մասին: Հիշում են հատկապես դա, թեև ամենքի նման հիշողության մեջ դրոշմված ունեն բազմաթիվ ուրախ ու երջանիկ պահեր:
Ես չեմ առաջարկում հետևել նրանց օրինակին: Այս անգամ հանգիստ թողնենք զանգերը, առավել ևս, որ մեղքերի վերհիշումը դեռևս դրանց գիտակցումն ու ափսոսանքը չէ: Բայց ինչ-որ բան հիշել, այնուամենայնիվ, պետք է: Թիկունքում մնացած օրերի մեջ ինչ-որ բան տեսնելը պետք է: Քո ծիծաղի և իմ արցունքի միջև ընկած տարածությունը, քո հույսի և իմ հուսալքության բևեռները, քո խոսքի և իմ լռության տարբերությունը, քո ընթացքի և իմ կանգառի պատճառները, և էլի շատ տեսիլքներ: Ու թող եկող Ամանորը մեզ ներշնչի այն հույսով, որ ամեն բան իր հատուցման գինն ունի: Թե լավը, թե վատը: Վատը` հատկապես:
© Հովիկ Չարխչյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.charkhchyan/posts/610540492314620
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել