1in.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը ջանում է սահմանափակել իրեն և իր ընտանիքին հասարակության չափից դուրս ուշադրության կենտրոնում գտնվելուց: Այս մասին դերասանուհին հայտարարել է USA Today թերթին տված հարցազրույցի ժամանակ:
Թերթի փոխանցմամբ՝ աշխարհում ամենաբարձր վարձրատրվող դերասանուհիներից մեկը հիանալի գիտի ինչպես թաքնվել ավելորդ հայացքներից՝ անկախ այն բանից, թե որ քաղաքում է ապրում ամուսնու և երեք երեխաների հետ:
«Մենք փորձում ենք պաշտպանել մեր երեխաներին: Մենք ուղղակի փորձում ենք ընտանեկան կյանք վարել և զերծ պահել այն ներխուժումից»,- խոստովանել է դերասանուհին:
Նա հաջողություն է համարում այն, որ հայտնիության է հասել նախքան համացանցի դարաշրջանը և այժմ չի ցանկանում իր ցանկացած քայլը գովազդել սոցիալական ցանցերում:
«Դա համացանցի դարաշրջանում հայտնված հայտնի մարդկանց տարօրինակ մշակույթն է. ես չափազանց ծեր եմ նման աղմուկի համար»,- խոստովանել է 46-ամյա դերասանուհին:
Դերասանուհին նաև խոստովանել է, որ վերջերս առաջին անգամ այցելել է Դիսնեյլենդ:
«Ես երբեք չէի եղել Դիսնեյլենդում: Դա ամենահրաշալի վայրերից մեկն է երկրի վրա»,- ասել է նա:



