1in.am-ը գրում է.
Ամանորի նախաշեմին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հավատարիմ ավանդույթներին, տոնական նվեր-բացիկներ է պատրաստել, որոնք նվիրելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: Դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Փոստանջյանը նշեց, որ բացիկները «խորը իմաստ են պարունակում»։
Տիգրան Սարգսյանի համար նախատեսված՝ «Ոտքերը կապած գառնուկի» նկարով բացիկի մեկնաբանությունները պատգամավորը ավելորդ համարեց՝ նշելով, որ այն բոլորի համար էլ հասկանալի է: «Այս նկարը դուք էլ կարող եք մեկանաբանել, թե ինչ խորհուրդ ունի, ես ուղղակի բացիկի ներսում պետք է գրեմ՝ շնորհավորում եմ Ձեր նոր տարին: Այսքանը կգրեմ, մնացածը թող ինքն իր ձևով մտածի մեկնաբանի»,- ասաց նա։
ԱԺ նախագահին հասցեագրված բացիկում պատկերված է աքլոր, որի ոտքը կապել են և գլուխը ներքև կախել: Այս բացիկը Փոստանջյանը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Այն, ինչ-որ տեղի է ունենում մեր կյանքում, հասարակության մեջ, այսպիսի անդրադարձ կարող է ունենալ յուրաքանչյուրի համար։ Կտավը պահվում է Պրադոյի թանգարանում, մարդիկ, երբ նման պատկեր են փոխանցել, իրականում ցույց են տվել, որ այսպիսի իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուր մարդ»։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաժին է հասել բացիկ, որում միջին դարերի կտավներից մեկն է։ Փոստանջյանը նշեց, որ այդ պատկերը նոր սերնդին դժվար ինչ-որ բան ասի, բայց իր հասակակիցներին այն քաջ ծանոթ է: «Այս նկարը այն մասին է, որ մարդկանց փորձում են համոզել, թե դուք չեք հասկանում, ձեր գլխում կան հիմարության քարեր, և դրանք պետք է վիրահատել և հանել։ Իսկ այդ քարերը վիրահատողը և հանողը պարզապես խաբեբաներ էին։ Այսօրվա գործող իշխանությունը բռնազավթած անձինք էլ նույնն են ասում, որ դուք հիմար եք, չեք հասկանում պետական շահը, ինչից օգուտ կարող ենք ունենալ։ Նույնը Սերժ Սարգսյանը. ասում էր, թե չեք հասկանում՝ ինչ օգուտներ պետք է ունենաք Մաքսային միություն մտնելով»,- ասաց պատգամավորը՝ նաև նախագահին հայտնելով, որ հասարակությունը հիմար չէ, ուղղակի փորձում են նրան հիմարի տեղ դնել։
Նույն պատկերով բացիկ կստանա նաև ՍԴ նախագահը: Սա Փոստանջյանը բացատրեց նրանով, որ հավասար է համարում երկուսի գործած հանցանքները: Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը և Գագիկ Հարությունյանը ներկայացնում են նախկին՝ խորհրդային ԿԳԲ-ն, հենց իրենց միջոցով է, որ այդ բոլոր փաստաթղթերը գնացել են ՍԴ և փորձ է կատարվել վիճարկել, իր կողմից ստացել են կնիքը լեգիտիմության։ «Ես հավասար եմ համարում Գագիկ Հարությունյանի և Սերժ Սարգսյանի՝ հայ ժողովրդին պատճառած վնասը»,- ասաց նա։



