arm132531753799Kinoashkharh.am-ը գրում է.

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանի հետ զրույցը հայկական կինոյի այսօրվա ու վաղվա մասին է:

- Ձեր լավագույն դերը կինոյում ո՞րն եք համարում:

- Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արևը» ֆիլմում է լավագույն դերս: Այն ժամանակի մեծերը` Ֆրունզը, Խորենը, Սոսը, Մհերը… Նրանց կողքին հեշտ չէր: Հիմնականում նկարահանվում էինք այն ֆիլմերում, որոնցից նրանք զբաղվածության պատճառով հրաժարվում էին: Էդ էր բաժին հասնում: Իմ դեպքում հիմնականում Սոսի մերժածն էր. տեսակով նման ենք: Հեռուստաներկայացումներում ու թատրոնում շատ ավելի դերեր եմ խաղացել, դրանց մեջ լավագույնն ասելն ավելի դժվար կլինի:

- «Հայֆիլմի» զորեղ տարիներին էլ կինոարտադրությունը չէ՞ր բավարարում տաղանդավոր մարդկանց հնարավորությունները լավագույնս ի ցույց դնելու համար:

- Տարեկան 6-7 ֆիլմ էր նկարահանվում «Հայֆիլմում»: Իհարկե քիչ էր: Քիչ էր նաև Վրաստանի համեմատությամբ: Նրանք հզոր էին կինոյում: Հզոր էին հատկապես կարճամետրաժ ֆիլմերով: Բովանդակալից ու մնայուն շատ կարճամետրաժներ ստեղծեցին: Մեր լավագույն կարճամետրաժ խաղարկայինը եղավ ու մնաց Արման Մանարյանի «Տժվժիկը»:

- Որո՞նք են պատճառները:

- Հայը մնում է հայ` չկամեցող, նախանձ: Ու էդպիսին է ինքն իր հանդեպ: Այդ մոտեցումն է եղել նախկինում և գործում է նաև այսօր, բոլոր համակարգերում:

- Մի՞թե մերօրյա կինոյի վերակենդանացումը, թե զարգացումն ասեմ, այդ մոտեցումով է պայմանավորված:

- Չէ: Չասեմ տաղանդավոր, որովհետև այսօր բոլորն անխտիր տաղանդավոր են: Պարզապես չկան էն հանճարեղ տղերքը, որոնք «Սարոյան եղբայրներ» ու «Մենք ենք, մեր սարեր» էին նկարում: Էդ մարդիկ ու էդ աշխարհն էլ չկան: Հիմա այլ հարաբերություններ են` շուկայական: Մարդիկ էլ այդ հարաբերությունների մեջ չգիտեն ոʹչ իրենց, ոʹչ էլ դիմացինի գինը: Իսկը սերիալ` արևածաղկի պես չրթես ու չրթես: Բայց դա կինո չի:

- Սերիալներից զատ այլ ֆիլմեր էլ են նկարահանվում, ցուցադրվում, անգամ միջազգային կինոփառատոներից մրցանակներ ստանում:

- Տեսանք` դասականներին անդրադարձան: Բայց ինչպե՞ս: Հիմա էլ «Նժդեհ» են նկարահանում: Արդեն տեսածից հետո անհանգիստ եմ: Ի՞նչ պիտի անեն: Արդյոք այնքան ազդեցիկ կլինի՞, որ նայեն ու ասեն. «Արա, էս ո՞ւր ենք գնում, մեր երկիրը ո±ւմ ենք թողնում»: Իսկ Նժդեհը հենց այդպիսի ուժ ունի: Ֆիլմն իրավունք չունի թույլ լինելու: Չէ, էսօրվա կինոն Հրաչ Քեշիշյաններինը չէ:

- Հաշվել ու փաստում են, որ շուրջ 500 ֆիլմ է նկարահանվել անկախության տարիներին: Բերված օրինակով չե՞նք սահմանափակվում:

- Չեմ տեսել: Անկասկած, արժեքավոր մի բան էլ կլինի այդ ֆիլմերի շարքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել