Նոր տարին կախարդական տոն է, ամենասիրելին բոլորի համար: Հարսանիքը յուրաքանչյուր մարդու համար ամենակարևոր տոնն է: Իսկ ինչո՞ւ չմիավորենք այդ երկու տոները: Նոր տարի մենք մուտք ենք գործում նոր հույզերով և երազանքներով, հեքիաթի սպասումով, նույնն էլ մենք երազում ենք սիրելի մարդու հետ ամուսնանանալիս…Անգամ այս երկու տոների նախապատրաստությունն է նման՝ և՛ այստեղ, և՛ այնտեղ պահանջվում են մեծ ջանքեր՝ կազմակերպման և այլ հարցերի հետ կապված: Միակ տարբերությունն այն է, որ Նոր տարին ամեն տարի գալիս է, իսկ ամուսնությունը կյանքում (գոնե այդպես ցանկալի է) միայն մեկ անգամ է լինում:
Սակայն, այդ տարբերությունը թույլ կտա ամեն տարի պարտադիր կերպով նշել ամուսնության օրը: Ի դեպ, մի հաճելի մանրուք ևս: Դեկտեմբերի 31-ին սկսված հարսանիքը, որը կշարունակվի հունվարի 1-ին, կարող է տևել ամբողջ գիշեր:
Ի՞նչ կրել ամանորյա հարսանիքին: Խորհուրդներ հարսների և փեսաների համար:
Հագուստները, որոնք նախատեսված են Նոր տարուն կայանալիք հարսանիքի համար, կարող են լինել ինչպես սովորական, դասական և ընդունված հարսանեկան զգեստները՝ երկար, գեղեցիկ զգեստ՝ հարսի համար, և էլեգանտ կոստյում՝ փեսայի, այնպես էլ օրգինալ տարբերակներ՝ օրինակ Ձմեռ պապի և Ձյունանուշիկի զգեստ կրել, կամ փորձել նմանվել արքայադստեր և արքայազնի՝ համապատասխան հագուստներով: Շատ գեղեցիկ և միաժամանակ ձմեռային են նայվում հարսիկների սպիտակ մուշտակները և վերարկուները: Կոշիկների հարցում կարող եք նախապատվությունը տալ կարմիր, արծաթագույն և ձմեռային ու ամանորյա այլ երանգների: Կամ կարող եք ընտրել տաք ձմեռային երկարաճիտքեր:
Ամանորյա հարսանիքի առավելություններից մեկն էլ այն է, որ ձևավորման համար պետք է մեծ ջանքեր թափել, քանի որ տոնը արդեն հուշում է՝ ինչ պարագաներ են անհրաժեշտ հարսանիքը և Ամանորը հիասքանչ աքսեսուարներով ձևավորելու համար: Իսկ դրանք գտնելը շատ հեշտ է. չէ՞ որ ամանորյա զարդարանքներ վաճառվում են ամենուր: Դուք կարող եք ընտրություն կատարել ամանորյա փայլերի, մոմերի, խաղալիքների, զանգակների, և, իհարկե, տոնածառների միջև:
Հարսանիքի երաժշտական ուղեկցությունը, ի դեպ, կարող է ներառել նաև ամանորյա երգեր: Իսկ բուն արարողության հետ կապված ընդհանրապես խնդիր չի լինի, քանի որ բացի երջանիկ ամուսնական կյանքից, նաև ձեր նոր տարին կշնորհավորեն, դուք կստանաք կրկնակի նվերներ, և տոնական տրամադրությունը ապահովված է:
Ամանորյա հարսանիքը իր թերություններն էլ ունի: Նոր տարին մասշտաբային տոն է, հրավիրյալները կցանկանան շնորհավորել ոչ միայն ձեզ, այլ նաև իրենց հարազատներին, և հնարավոր է, որ չկարողանան ներկա գտնվել ձեր հարսանիքին: Բացի այդ, ռեստորանների զբաղվածությունը խնդիր է ստեղծում դրանց ընտրության հետ կապված, բարձրացնում է նրանց գները, նույնիսկ թամադան այդ օրը ավելի շատ գումար կպահանջի, քան մնացած՝ 364 օրերին: Բայց եթե դուք հաստատակամ եք ձեր որոշման մեջ՝ այդ օրը տոնել ձեր հարսանիքը, ապա բոլոր խնդիրների մասին կարող եք մտածել նախօրոք, և ամեն ինչ հիասքանչ կլինի…