Արցախի, Հայաստանի և քրիստոնեական արժեքների մասին աշխարհին պատմում է Մոնսերատ Կաբալիեն (տեսանյութ, ֆոտոշարք)

168.am-ը գրում է.

Արվեստը միակ ուժն է աշխարհում, որը մեր կյանքում պահպանում է համամարդկային և քաղաքակրթական, հոգևոր արժեքները: Արվեստը սահմաններ չի ճանաչում: Առավել ևս` մարդկանց և քաղաքականության կողմից ստեղծված որևէ սահման: Արվեստը կաղապարներ, դոգմաներ և ցանկացած տեսակի սահմաններ քանդող է: Եվ այդ իմաստով իրական արվեստագետներն իրենց ողջ կյանքի ընթացքում առաքելություն են իրականացնում` ոչ միայն քանդելով և վերացնելով բոլոր սահմանները, այլև հոգևոր արժեքների միջոցով աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց են փոխանցում մոռացված և նոր ավանդույթները, համամարդկային և քաղաքակրթական այն բոլոր արժեքները, որոնք չափազանց կարևոր են հատկապես մեր օրերում:

2013թ. հունիսի սկզբին նման մի առաքելություն իր ուսերին կրեց աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեն (Montserrat Caballe): Նա որոշեց «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» նախագծի շրջանակներում այցելել Հայաստան և Արցախ: Հիշեցնենք, որ նախագծի գլխավոր կազմակերպիչն Իսպանիայում բնակվող մեր հայրենակից, STARMUS փառատոնի հեղինակ և կազմակերպիչ, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանն է, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում (Instituto de Astrofisica de Canarias-IAC): 

Monserat (9)

Երգչուհու` Լեռնային Ղարաբաղ այցելության մասին լուրի տարածվելուն անմիջապես հետևեց Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը. Մոնսերատ Կաբալիեն անցանկալի անձ (persona non grata) հռչակվեց Ադրբեջանում: Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա հղեց իսպանական կողմին` բացատրություններ պահանջելով: Երգչուհուն, ում ծափահարել է ողջ աշխարհը, սպառնացին այլևս վիզա չտալ, քանի որ նա դարձել է «Ադրբեջանում անցանկալի անձ»: 
Monserat (7)«Սա ոչ միայն Քրիստոնեության կղզի է, այլև Քրիստոնեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ: Ես այստեղ` Ստեփանակերտում եմ` որպես երգչուհի: Սակայն, որպես մարդկային էակ` ես ներկայացնում եմ Միացյալ Ազգերի Կազմակերպությունըգ Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- Ստեփանակերտում հայտարարեց աշխարհահռչակ երգչուհին, ով 1974թ. ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Պատվավոր դեսպան, և 1991 թվականին` Խաղաղության դեսպան (1991): Ավելին, նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է (1994): Իր դստեր` ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտիի և ստեղծագործական խմբի հետ նա այցելեց Շուշիի Մայր Տաճար` Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Գանձասար եկեղեցի, հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: 

Monserat (12)

Երևանում հունիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Աշխարհահռչակ երգչուհին այդ օրն առաջին անգամ կատարեց նաև Կոմիտասի «Կռունկ» և «Չինար ես» ստեղծագործությունները: Նրա հետ հանդես եկան նրա դուստրը` Մոնսերատ Մարտին, մեցցո-սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը ղեկավարեց Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը: 

Monserat (13)Monserat

Նախագծի շրջանակներում Մոնսերատ Կաբալիեն հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, վարպետության դաս անցկացրեց Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների հետ, այցելեց Հայաստանի եկեղեցիներ` Նորավանք, Գեղարդ, Սբ. Էջմիածին, և այլն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալիեին պարգևատրեց ՀՀ պետական բարձր պարգևով` Պատվո շքանշանով` համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: «Խաղաղության և սիրո կղզի է Հայաստանը: Դուք հրաշալի երկիր ունեք և ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ»,- ՀՀ նախագահի հետ զրույցում ասել է Մոնսերատ Կաբալիեն: Անվանի երգչուհին նշել է, որ անկրկնելի տպավորություններով է հեռանում Հայաստանից և վստահ է, որ ավարտվող այս այցը դեռ շարունակություն է ունենալու: «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» Նախագիծը, սակայն, միայն աշխարհահռչակ երգչուհու այցելությամբ չէր ավարտվում: Տեսաձայնային Blu-Ray ձևաչափի հրաշալի մի ալբոմ ստեղծվեց, որի մեջ ամփոփվել են երգչուհու կատարումները, այդ թվում` «Հայաստան, Արցախ. Քրիստոնեության կղզյակ» (The island of Christianity: Armenia and Artsakh) տեսաձայնային ալբոմի մաս կազմող, Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված տեսահոլովակները: Ալբոմն իրենց ստեղծագործություններով պատվել են նաև աշխարհահռչակ կոմպոզիտոր Վանգելիսը (Vangelis)` իր նոր` «Habanera», և Queen խմբի կիթառահար, Լիվերպուլի Ջոն Մուռի անվ. համալսարանի ռեկտոր Բրայան Մեյը (Brian May)` իր և Ֆրեդդի Մերկուրիի «Is this the world we createdգ» ստեղծագործություններով` Մոնսերատ Կաբալիեի կատարմամբ: 

Monserat (1)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել