Lragir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը մինչև 2030 թվականը, հնարավոր է, դառնա խոշորագույնը Եվրոպայում՝ շրջանցելով Գերմանիային: Միևնույն ժամանակ, մինչև 2028 թվականը Չինաստանը կարող է դառնալ աշխարհի խոշորագույն տնտեսությունը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից: Այս մասին նշված է Տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնի հրապարակած «Համաշխարհային տնտեսական վարկանիշ» զեկույցում:

Մեծ Բրիտանիայի տնտեսության աճի գլխավոր պատճառը, ըստ հետազոտողների, կլինի բնակչության աճը (այդ թվում, ներգաղթի հաշվին), ցածր հարկերը, ինչպես նաև եվրոգոտու թուլացումը լուրջ տնտեսական խնդիրների պատճառով:

Վերլուծաբանները նշում են, որ Մեծ Բրիտանիայի հիմնական անելիքներն են արտահանման վերակողմնորոշումը դեպի արագ աճող շուկաներ, Եվրամիության մյուս երկրների հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Շոտլանդիայի անկախացման հարցը:

Կանխատեսումների համաձայն, Հնդկաստանի ՀՆԱ-ն 2028 թվականին ավելի մեծ կլինի, քան Ճապոնիայինը: Դա բացատրվում է այն բանով, որ Ճապոնիայի իշխանությունները մոտ ապագայում շարունակելու են «գերփափուկ» քաղաքականությունը՝ ուղղված յենի թուլացմանը, ինչի արդյունքում դոլարային հաշվարկով ճապոնական տնտեսությունը կզիջի հնդկականին:

Մասնագետների կարծիքով, Բրազիլիան մինչև 2023 թվականը կբարձրանա 5-րդ տեղ խոշորագույն տնտեսությունների ցուցակում, Ռուսաստանը կլինի 6-րդը, Հնդկաստանը՝ 9-րդը, Մեքսիկան՝ 12-րդը, Հարավային Կորեան՝ 13-րդը, Թուրքիան՝ 17-րդը, Թայլանդը՝ 19-րդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել