Tarapanq

Մի իմաստուն գնում էր ճանապարհով, հիանում էր աշխարհի գեղեցկություններով ու ուրախանում կյանքով։ Հանկարծ նա անտանելի ծանր բեռան տակ կռացած մի դժբախտ մարդու տեսավ։
-Դու ինչո՞ւ ես այդպիսի տառապանքների դատապարտում քեզ,-հարցրեց իմաստունը։
-Ես տառապում եմ իմ զավակների ու թոռների երջանկության համար,-պատասխանեց մարդը։-Իմ պապի հայրն ամբողջ կյանքում տառապել է պապիս երջանկության համար, պապս տառապել է իմ հոր երջանկության համար, հայրս տառապել է իմ երջանկության համար, և ես էլ իմ ամբողջ կյանքում տառապելու եմ, միայն թե իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն։
-Իսկ ձեր գերդաստանում գոնե մեկ հոգի երջանիկ եղե՞լ է,-հարցրեց իմաստունը։
-Ոչ, բայց իմ երեխաներն ու թոռներն անպայման երջանիկ կլինեն,-պատասխանեց դժբախտ մարդը։
-Անգրագետը չի կարող կարդալ սովորեցնել, իսկ խլուրդը չի կարող արծիվ դաստիարակել,-ասաց իմաստունը։-Սովորիր նախ ինքդ երջանիկ լինել, այդ ժամանակ կհասկանաս նաև, թե երեխաներիդ ու թոռներիդ ինչպես երջանիկ դարձնես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել