Հոգիդ եռում է դավաճանությամբ,
Ժպիտդ լողում գինու փրփուրում,
Կորցրել ես դեմքդ դիմակներիդ մեջ,
Անունդ վաղուց-վաղուց չես հիշում:
Քո միակ զենքը քո հմայքն է պիղծ,
Մեղքերը բոլոր՝ քո անունները:
Ապրում ես կարծես ոչ վերջին անգամ,
Եվ դեռ ապրելու շատ կյանքեր ունես:
Եվ դու, որ այդքան սեր ես խոստանում,
Իրական սերը երբեք չտեսած,
Խեղդում ես սերդ գինովցած երգում,
Դառնում մարդասպան, անսեր, անաստված:
Իսկ քեզ սիրում են, սիրում են նրանք,
Ով սիրո կարիք շատ ունի կյանքում,
Սիրում են քո կեղծ ու սուտ ժպիտը,
Որը քո հոգու անդունդն է ծածկում,
Սակայն ժպիտդ համտեսելուն պես,
Կորչում են մարդիկ քո անդունդներում:
Իսկ քո թշնամին լոկ ժամանակն է,
Զի ծաղիկները թոշնում են մեկ օր,
«Արդ ծաղկիր այնպես, որ թոշնելուն պես

 

Հմայքդ դառնա էջանիշ գրքում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել