Totalfootball.am-ը գրում է.

29-ամյա նիգերիացի ֆուտբոլիստ Էմանուել Էզուկամն այժմ հանդես է գալիս քուվեյթյան «Ալ Շաբաաբ» ակումբի կազմում, սակայն նրա հանդես եկած առաջին պրոֆեսիոնալ ակումբները հայկական էին: 2004 թվականին նա հեռացավ Հայաստանից, սակայն հավերժ կապված մնաց մեր երկրի հետ, քանի որ աֆրիկացի ֆուտբոլիստն ընտանիք է կազմել հայուհի Լիլիթի հետ և պարբերաբար այցելում է Հայաստան:

Միկա և Արարատ - «2001 թվականին ընկերոջս՝ Մանդեյ Էտուվեի հետ միասին տեղափոխվեցի«Միկա»,- պատմում է Էզուկամը Totalfootball.am-ի թղթակցին: - «Միկայում» շատ կարճ մնացի և ընդամենը մի քանի խաղ անցկացրեցի: Չորս ամիս անց խզեցինք ակումբի հետ պայմանագիրս, ապա մեկ ամիս «Արարատում» փորձաշրջան անցնելուց հետո երեք տարվա պայմանագիր ստորագրեցի: Սակայն 2002 թվականի մրցաշրջանից հետո «Արարատը» զրկվեց 2003 թվականի մրցաշրջանին մասնակցելու իրավունքից, և ես վարձավճարով տեղափոխվեցի «Զոբահան» և մեկ մրցաշրջան հանես եկա Իրանում: 2004-ին վերադարձա «Արարատ» և ավարտին հասցրեցի պայմանագրիս վերջին վեց ամիս ժամկետը: Ամեն դեպքում, ես վայելեցի «Արարատում» անցկացրած առաջին մրցաշրջանը, սակայն այն կարճ տևեց Բարձրագույն խմբից «Արարատի» հեռանալու պատճառով»:

Հանձնվեցին, երբ տեսան, որ ամեն ինչ լուրջ է - Այսպիսով տարբեր պատճառներով Էզուկամի մոտ ֆուտբոլային մասը Հայաստանում այնքան էլ հաջող չստացվեց, սակայն նույնը չի կարելի ասել անձնական կյանքի մասին: 2002 թվականին հանդիպելով իր ապագա կնոջը՝ Երևանում բնակվող Լիլիթին, Էզուկամը որոշեց ընտանիք կազմել. «2002 թվականին ծանոթացա ապագա կնոջս հետ: Սկզբում այս ամենը շատ պատճառներով արտասովոր էր և՛ իր, և՛ իմ ընտանիքի համար: Մեր ընտանիքում էլ շատ էին մտահոգված, քանի որ այդ ժամանակ շատ երիտասարդ էի: Սակայն նրանք համակերպվեցին, երբ տեսան, որ ամեն ինչ լուրջ է: Խնդիրը նրանում էր, որ շատ մարդիկ տեսնում էին, որ սևամորթն ամուսնանում է հայ աղջկա հետ, սակայն ես ինքս այսպես էի նայում. տղամարդն ամուսնանում է կնոջ հետ, և երբեք չեմ տեսել կամ զգացել որևէ ռասսայական տարբերություն: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ պարգևեց իմ կնոջը: Այժմ մեր որդին՝ Դանիելը, 9 տարեկան է, իսկ դուստրը՝ Վանեսսան: Նրանք խոսում են հայերեն, անգլերեն և արաբերեն»,- պատմում է Էզուկամը:

Լիլիթի հայրիկի համար էլ սկզբում ամեն ինչ արտասովոր էր, սակայն այժմ նա փեսայի հետ ընտանեկան խորոված է պատրաստում:

Խճճված պատմության զոհ - Էմանուելն անկեղծանում է, որ, որ նա ցանկացել էր հաճելի բան անել իր ընտանիքի համար և բնակարան գնել Երևանում, սակայն ամեն ինչ այնքան հեշտ չի ստացվել, որքան նա պատկերացնում էր: Էզուկամը պատմում է, որ վճարելով բնակարանի համար նաև այլևս չի տեսել ոչ գումարը, ոչ էլ նոր տունը: Նրա գործը շարունակում է մնալ դատարանում: Նա հայտնվել է մի խառը պատմության մեջ, որը մամուլում այսպես է բնութագրվում. գործով անցնող տուժածները 250 հոգուց ավելի են, որոնցից 23-ը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Իսրայելի, Իրանի Իսլամական Հանրապետության  բնակիչներ են:  Խոսքը Երևանում կառուցվող նորակառույցների մասին է, որտեղ բնակարանները միաժամանակ վաճառվել են մի քանի հոգու` չնայած ի սկզբանե ապագա սեփականատերերի հետ եղել են առուծախի նախնական պայմանագրեր, որոնց հիման վրա էլ այդ անձինք միլիոնների վճարումներ են կատարել:

Նիգերիայում ապրող ընտանիքիս անդամները և մտերիմ ընկերներս ինձ համոզում էին չգնել բնակարան Հայաստանում, քանի որ հայ չեմ: Սակայն ես գնացի այդ քայլին, ի նշան այն սիրո, որը տածում եմ կնոջս, երեխաներիս և Հայաստանի նկատմամբ, քանի որ կինս հայուհի է և երեխաներս նույնպես հայեր են: 

«Ցանկանում եմ նշել, որ ինձ համար շատ թանկ էր արժեցել այդ բնակարանի համար գումար խնայելը: Նիգերիայում ապրող ընտանիքիս անդամները և մտերիմ ընկերներս ինձ համոզում էին չգնել բնակարան Հայաստանում, քանի որ հայ չեմ: Սակայն ես գնացի այդ քայլին, ի նշան այն սիրո, որը տածում եմ կնոջս, երեխաներիս և Հայաստանի նկատմամբ, քանի որ կինս հայուհի է և երեխաներս նույնպես հայեր են: Հայաստան մեկնելիս ես բնակվում էի կնոջս ընտանիքի անդամների հետ, սակայն ավելի հարմարավետ զգալու համար որոշեցի բնակարան գնել Հայաստանում, սակայն այժմ կորցնում եմ ամեն ինչ: Սա շատ վատ փորձ էր ինձ համար, բայց ես պայքարելու եմ մինչև վերջ: Այժմ մեզ խոստանում են այլ բնակարան տրամադրել այլ վայրում, սակայն դեռևս չգիտեմ, թե երբ դա կլինի: Ամբողջ իրադրությունը շատ խճճված է, քանի որ շատ «մեծ» մարդիկ են ներառված պատմության մեջ...»,- պատմում է ֆուտբոլիստը:

Քուվեյթ տեղափոխվելուց առաջ Էզուկամը խաղացել է նաև Սիրիայում:

Հաճույքով կվերադառնայի Հայաստան - Էզուկամն այս պատմությունը պատմելուց հետո նաև հայտնեց, որ դեմ չէր լինի վերադառնալ Հայաստանի առաջնություն. «Այո, հաճույքով կվերադառնայի Հայաստան, քանի որ այդտեղ եմ սկսել պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ, իսկ առաջնությունն էլ այնքան վատը չէ, որքան մարդիկ կարծում են: Բացի այդ, գտնվելով Հայաստանում, ես կկարողանամ Հայաստանում հետևել  բնակարանի հետ կապված խնդրին: Իհարկե ես շատ եմ հիասթափված այս իրավիճակից և այն մարդկանցից, ովքեր մասնակից են այս ամենին, սակայն չեմ կարող հիասթափված լինել Հայաստանից ընդհանրապես: Պարզապես կցանկանայի խնդրել կառավարությանը կամ այն մարդկանց, ովքեր ներառված են այս խնդրում, արդարացի որոշում կայացնել մեր ընտանիքի լավ համբավի համար, որը մենք ձեռք ենք բերել Քուվեյթում կամ մնացած երկրներում, որտեղ ապրել ենք նախկինում».- եզրափակում է Էմանուել Էզուկամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել