1in.am-ը գրում է.
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ մեր հասարակության մեջ կա մի փոքր ազնվության պակաս, ինչն արտացոլվում է Վարդան Պետրոսյանի գործով նախաքննական մարմնի կողմից: Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը գնում է ոչ թե քրեական գործի օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ճանապարհով, այլ փորձ է կատարվում ամեն գնով Վարդան Պետրոսյանին վարկաբեկելու:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ հնարավո՞ր է սա քաղաքականապես ուղղորդվում է, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ փորձում են հասարակության մոտ բացասական կարծիք ձևավորել, որովհետև ի սկզբանե տպավորությունն այնպես էր ներկայացվում, որ Վարդան Պետրոսյանը կատարել է ծանր հանցանք խմած վիճակում, պետք է պատասխանատվություն կրի, որ հայտնի լինելը չի փրկի իրեն և այլն:
«Երբ անսպասելի առաջին հարվածը իրենք ստացան, տրվեց փորձագիտական եզրակացություն առ այն, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան վթարի պահին հետընթաց կատարելու վիճակում է եղել, իրենց այդ առաջին հարվածից հետո փորձեցին մի փոքր այլ քաղաքականություն որդեգրել, որ երկու երեխա է մահացել: Իրոք, սարսափելի ծանր դեպք է եղել, և ես՝ որպես այս գործով փաստաբան, կցանկանայի, որ այս գործը վերածվեր ոչ թե ինչ-որ շոուի, այլ որ մենք հնարավորություն ունենայիք նոր տարուց հետո գնայինք և այդ ընտանիքին ցավակցեինք»,- ասաց պաշպանը՝ հավելելով, որ երբ ինքը փորձում է ցավակցական խոսք հայտնել ծնողներին և ինչ-որ կարծիք հայտնել, ծնողները փորձում են վիրավորել պաշտպանի անձը, նսեմացնել:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ այստեղ տուժող կողմի փաստաբանը պետք է քայլ կատարի, պարզաբանի, որ իրականում մյուս կողմը և մյուս կողմի փաստաբանը, հակառակը, ձգտել են ամեն ինչ անել, որ այս գործը իր տրամաբանական հունով գնա, և Վարդան Պետրոսյանին ոչ թե պետք է զրկել ազատությունից, այլ նրան հնարավորություն տալ, որպեսզի գնա ծնողի հետ նստի մի սեղանի շուրջ՝ ոչ թե հաշտվելու, այլ վիշտը կիսելու, և միասին այդ ծանր իրավիճակից դուրս գալու գործողություններ ձեռնարկել:
«Ցավոք, նախաքննական մարմինը այդ հնարավորությունից զրկելու համար 2013 թվականի դեկտեմբերի 25-ին մի որոշում է կայացրել, որի համաձայն՝ նախաքննական մարմինը, գտնելով, որ Վարդան Պետրոսյանը կարող է կատարել օրենքով արգելված նոր արարք, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, դատավարությանը մասնակցող անձնանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, ուստի անհրաժեշտ է Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել երկու ամիս ժամկետով մինչև 06.03.2014»,- տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի փաստաբանը:
Պաշտպանը նշեց, որ որոշումը ներկայացնող նախաքննական մարմնին ինքը և Վարդան Պետրոսյանը հարցադրում են արել՝ նոր ինչպիսի արարք պետք է կատարի Վարդան Պետրոսյանը, կամ այդ դատավարությանը մասնակցող անձանց վրա ինչ անօրինական ազդեցություն պետք է գործադրի: Քննիչը չի պատասխանել Վարդան Պետրոսյանի հարցադրմանը, բայց, ըստ պաշտպանի, տրամաբանությունից դուրս է, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը չընտրեն, նա նոր հանցագործություն կկատարի, ինչպես նաև տրամաբանությունից դուրս է, որ նա գնա փորձի տուժող կողմի վրա անօրինական ազդեցություն գործադրել, որ նրանք ցուցմունք տան հօգուտ Վարդան Պետրոսյանի:
Այնուամենայնիվ, պաշտպանը նշեց, որ առաջին անգամ որոշման մեջ անկեղծ նշվում է, որ իրականում տվյալ արարքը, որը մեղսագրվում է Վարդան Պետրոսյանին, դասվում է միջին ծանրության հանցագործության շարքին, և դրա ծանրության աստիճանն այնքան մեծ չէ, որ մարդուն զրկեն ազատությունից:
«Ցավոք, մենք մի ուրիշ դրվագի ենք ականատես եղել, երբ Վարդան Պետրոսյանը բանավոր ներկայացրել է քննիչին, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ներկայացրել է, որ դեպքից առաջ նա զրույց է ունեցել իր համագյուղացիներից Օնիկի հետ, և հիմա վթարի ժամանակը փորձ են անում տեղափոխել, որպեսզի համակցեն, որ նա վթարի պահին է խոսել, այն դեպքում, երբ Վարդան Պետրոսյանն ասում է, որ խոսելուց հետո մի քանի րոպե անց է վթարը տեղի ունեցել»,- հավելեց փաստաբանը:
Նա նշեց նաև, որ նմանատիպ իրավիճակ է նաև կողային հայելիների հետ կապված, երբ իրենք վթարից հետո տեսել էին, որ կողային հայելիները բացակայում են, հետագայում իրենց ասելուց հետո մեկ հայելին մեքենան զննելուց հետո են գտնում, հետո գալիս է փորձագետը մյուսն է գտնում: Ըստ պաշտպանի՝ սա կոմեդիա է հիշեցնում, թե ինչպես կարելի է դեպքից հետո զննել մեքենան, չգտնել հայելին, այնուհետև սրահի ներսում գտնել հայելին, ապա փորձաքննությունը նշանակելուց հետո երկրորդ հայելին գտնել: Ըստ փաստաբանի՝ այսպիսի բան չի լինում:
Ի դեպ, դեկտեմբերի 28-ին տեղի կունենա խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում:
Արդյոք կարելի՞ է արդար դատավարություն ակնկալել՝ մեր հարցադրմանը Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի առաջին էջում զետեղված էր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի վերաբերյալ դատը, որտեղ ներկայացված է Ռոբերտ Քոչարյանի դատը «Ժամանակ» օրաթերթում և «Առաջին լրատվական» կայքում զետեղված հոդվածի վերաբերյալ, որ դեռ դատը չսկսված, դատավորն ունի տեղեկանք, թե ինչ վճիռ պետք է կայացնի: Ըստ պաշտպանի՝ եթե այս գործի լույսով նայեք, հնարավոր է՝ դատարանը խափանման միջոց կալանքը երկարացնի:
Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը լավ է, բայց նա չի բուժվում. «Դատապարտյալների հիվանդանոցում օբյեկտիվ պատճառներով բուժում կազմակերպել հնարավոր չէ, բայց վիճակը չի բարդանա»,- հավելեց փաստաբանը:



