1in.am-ը գրում է.

Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհներ են ստացել 10 բուհեր: Այսօր Երևանի պետական համալսարանում ծրագրի մասին խոսեց ԳԿ նախարար Արմեն Աշոտյանը՝ ծրագիրը որակելով որպես ժամանակակից բուհեր ունենալու գրավական: «Ժամանակակից բուհեր ուենալու համար պետք է ունենալ ենթակառուցվածքներ՝ լաբորատորիաներ, վարժասարքեր, գիտական գործունեության համար համապատասխան միջավայր, հանրակացարաններ և այլ բազմաթիվ պարագաներ ու գործոններ, որոնք բուհը դարձնում են իրոք ժամանակակից միջավայր, հնարավորություն են տալիս մեր ուսանողներին՝ ստանալ հնարավորինս արդիական կրթություն»:

Նախարարը տեղեկացրեց, որ այս ծրագրի շրջանակներում շուրջ երեք մլն դոլարի աջակցությամբ 10 բուհեր իրենց ներկայացված ծրագրերին համապատասխան՝ ստանալու են հնարավորություն՝ կյանքի կոչել և իրագործել իրենց զարգացման համար այս կամ այն պիտանելի և արդիական նախագիծը: 

Բացի դրանից՝ նախարարն առանձնացրեց, որ երկար տարիներ պետությունը միատեսակ և միապաղաղ է ֆինանսավորում բուհերին՝ որքան ուսանող էր ընդունվում բուհեր, այդքան գումար էր փոխանցում պետությունը բուհերին ուսումը կազմակերպելու համար: «Սա թույլ տվեց ապահովել բուհական մրցակցություն՝ ընդունելության քննությունների մակարդակով, սակայն կառավարության կողմից հաստատված բուհական ֆինանսավորման նոր ռազմավարաության շրջանակներում որոշեցինք, որ ավելի բազմազան և բազմաբովանդակ ենք դարձնելու՝ ուշադրություն դարձնելով հատկապես գաղափարներին, ծրագրերին»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել