1in.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից դեկտեմբերի 25-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ում է նկատի ունեցել՝ ճիվաղ ասելով: «Նրանց, ովքեր բարբառում էին, անպատվում էին կառավարությանը, Հանրապետականին, երկրի նախագահին՝ իրենց անբարո խոսքերով, մինչև անգամ՝ դավաճանական: Եթե մարդը մարդուն կարող է դավաճան համարել… Ո՞վ է թույլ տվել, ովքե՞ր են դավաճանությունից խոսում… Հլը նայեք Արցախյան շարժումը, նրանց գեները որտե՞ղ էին»,- ասաց նա: Հարցին՝ որտե՞ղ էին արդյոք, նա պատասխանեց՝ որոնում եմ, որ գտնեմ: 

Լրագրողներին հետաքրքրում էր նաև՝ արդյոք Հանրապետականին պե՞տք են մարդիկ, ովքեր լրագրողներին կարող են հայհոյել՝ ի դեմս ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս): Ի պատասխան՝ Սահակյանը նշեց. «Եթե դուք դրա մեջ ձեզ էլ եք տեսնում, խնդիր չկա: Դուք նայեք մամուլի աշխատողների հայհոյանքները: Յուրաքանչյուրն իր խոսքն ունի, իր լեքսիկոնն ունի, մեկն էլ խոսում է ղզիկի ձայնով, ուրեմն՝ նրան դատապարտե՞նք դրա համար»: 

Հակադարձմանը, թե, օրինակ, հենց ինքը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, երբևէ չափն անցնող արտահայտություններ, հայհոյանքներ չի՞ կիրառում, Սահակյանը պատասխանեց. «Իմը մտքումս է, մտքիս մեջ եմ ասում: Յուրաքանչյուր լրագրող օրը տասն անգամ հայհոյում է, պարտադիր չէ՝ դա ձեր ասած սեռական բնույթի լինի, գրական բառապաշարով էնպիսի հայհոյանքներ կարելի է տալ», ապա հավելեց, որ ինքը հայհոյանքների շարադրանքը մտքում ամփոփում և վերածում է գրական հայերենի: Հանդիպմանը ներկա Armcomedy-ն փորձեց ստանալ ՀՀԿ-ական պատգամավորի ամանորյա շնորհավորական ուղերձը՝ հայ մորմոններին: Վերջիններիս Սահակյանը դժբախտություն մաղթեց: «Աղանդների, բաների մասին ինձ հարց մի տվեք, որովհետև էդ հարցերում ես ծայրահեղ եմ: Հայի կրոնը հայն է»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել