1in.am-ը գրում է.

Վրաստանի գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեն հատուկ հայտարարությամբ հերքել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, թե 13 տարի առաջ Գերմանիայում դատապարտվել է զինված կողոպուտի համար, հաղորդում է Gazeta.ru-ն: 

Ինչևէ, նա խոստովանել է, որ 2000 թ. Գերմանիայում ոստիկանների հետ խնդիրներ է ունեցել: Նրա խոսքերով՝ իրավապահներն իրեն շփոթել են մեկ ուրիշի հետ և «ֆիզիկական վիրավորանք են հասցրել, որն էլ կոնֆլիկտի պատճառ է դարձել»:

«Դատարանը ինձ մեղադրել է իրավապահներին հակահարված տալու մեջ»,- բացատրել է գլխավոր դատախազը՝ ավելացնելով, որ իրեն Գերմանիայից չեն արտաքսել և ինքը բազմիցս կրկին այցելել է այդ երկիր: 

Գլխավոր դատախազը համոզված է, որ հակառակորդները իր դեմ կեղտոտ քաղաքական արշավ են սկսել, որն էլ պայմանավորված է դատախազական գործունեության ակտիվությամբ: 

Պարցխալաձեի դեմ հայտարարությունները դեկտեմբերի 23-ին հատուկ ճեպազրույցի ժամանակ արել է ժամանակավորապես պաշտոնից հեռացված՝ Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել