1in.am-ը գրում է.
Գերագույն խորհրդի պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, շաբաթվա օրերի նման, նաև ընթացիկ տարվա համար է անուն ընտրել՝ լյուստրացիայի տարի: «Հայաստանը 20 տարի կառավարվում էր ինչ-որ տեղից, ունեինք ճգնաժամ, բլոկադա: Շատ խոսողներ, մեկնաբաններ կային, ընդհանուր առմամբ՝ մենք գիտեինք՝ վտանգը որտեղից կարող էր լինել, որ Հայաստանը չկայացած համարվի: Երկիրը, կարծեք, գնում էր ինքնալուծարման, ես այդպես էի զգում, դա վարկաբեկող քաղաքականություն էր, բայց մենք չհանձնվեցինք. մեզ նվաճեցին»,- ասաց նա՝ նկատելով, որ, ի վերջո, համբերությունը սպառվեց, ստվերային գործեր անողը եկավ ու նվաճեց:
Արշակյանի խոսքով՝ սեպտեմբերի 3-ին Հայաստանը նվաճվեց, և մենք իմացանք՝ ով է մեզ վարկաբեկողը, զրպարտողը: ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ մեզ նվաճել են»: Ի պատասխան՝ Արշակյանը խորհուրդ տվեց Մոկաց Միրզա լսել մեկ-մեկ:
«Մենք գրավվեցինք, ոչ թե հանձնվեցինք: Այսինքն՝ առջևում դեռ կա ապագա: Մենք այդ քննությունները հանձնել ենք, քանի որ պետական, չհանձնվող ժողովուրդ ենք: Իմացանք՝ ով է այդ ագահ և դաժան իմպերիան: Նա կորցրեց իր դաշնակցին, մենք էլ իլյուզիան կորցրինք, որ իբր կան երկրներ, որոնք իրենց մի պատառ հացը կարող են կիսել մեզ հետ: Մենք ճանաչեցինք մեր հակառակորդին՝ բաց, և մեզ, բոլոր դրածոներին և վարձկաններին»,- ասաց նա:
Անդրադառնալով Մաքսային (կամ՝ իր իսկ ձևակերպմամբ՝ Մարքսային) միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Արշակյանը նկատեց՝ մի՞թե դա բարեկամություն էր, քանի որ ուրիշ ձևով մեզ կողոպուտի չէին ենթարկելու: Եթե նա բարեկամ է, դաշնակից, թող Թուրքիայի հետ իր պայմանագիրը՝ մեր դեմ, չեղյալ հայտարարի:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ այս վիճակում չի կարելի ուրիշին մեղադրել. եթե դու քո տանն իրավիճակ ես ստեղծել, որ չես կարողանում կառավարել քո ընտանիքը, հարևանիդ չպիտի ասես՝ դու ես մեղավոր: «Ճիշտ են արել: Եթե դուք թույլ եք տալիս, որ ձեզ գրավեն, պիտի գրավեն, թույլ եք տալիս նսեմացնեն՝ պիտի նսեմացնեն: Ռուսին թույլ ենք տվել, որ եկել, մեր գլխին պոպոք է կոտրում, նույնը անում են ԱՄՆ-ն ու Եվրոպան, նույնը, եթե թույլ տանք, կանեն նաև Չինաստանը և Իրանը»,- ասաց նա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի համոզմամբ՝ այսօր իշխանական մակարդակով պարկեշտ քաղաքականություն չի կատարվում Հայաստանում, անհատները եթե շատ ուզեն, որևէ բան չի փոխվելու: Արշակյանը հույս հայտնեց, որ չնայած ներկա իրավիճակին, արդեն իրար ճանաչելով կմշակեն քաղաքական կուրս, և առաջիկայում դաշտում շատ կլինեն նոր մարդիկ, նրանց թվում նաև՝ երիտասարդ ընդվզողներից շատերը:
Արշակյանի խոսքն ընդհատեց Աճեմյանը՝ նշելով. «Այո, քարտեր գողացողները»: Դրան Արշակյանը պատասխանեց. «Էնտեղ գողացողներ շատ կան, գողացող էլ չեն, գողցող են, գցող: Նրանք անգամ բանտ են նստել, հիմա հավաքվել են: Այդ աղջիկն իրենց զենքով է իրենց դեմ պայքարել, հուսահատված է եղել: Ես նման բան չէի անի, բայց իրեն արդարացնում եմ»,- ասաց նա:
Աճեմյանը մեղադրեց նաև լրագրողներին՝ ԱԺ-ում անցկացված ակցիայի համար, նկատեց՝ չի ցանկանում, որ իր դեմ բռնանան: «Կա՛մ դու լրագրող ես, կա՛մ ակտիվիստ»,- ասաց նա:
Սեդրակյանը նշեց, որ պրոֆեսիոնալ, ներքին պառլամենտական էթիկայի մասին առաջինը ինքը կարող է խոսել շատ երկար, բայց երբ արդեն հասնում է ծայրահեղ վտանգավորության աստիճանի վիճակ, ցանկացած երկրում, երբ արդեն զորքը չի կարողանում պայքարել, սկսվում է պարտիզանական շարժումը: «Մենք չգիտեինք, որ դեռ վատից վատն էլ կա: Հիմա, երբ արդեն ամեն ինչ այնքան պարզ է, տնտեսական ռեսուրսներն այն աստիճանի են շորթված, որ հնարավոր չի ապահովել բնակչության էն մինիմումը, որի ժամանակ նա կկարողանա էթիկայի սահմաններում լռել»,- ասաց նա:
Դեմկուսի ղեկավարի խոսքով՝ եթե հանրապետության նախագահը հետևություններ չանի և ռադիկալ փոփոխություններ չմտցնի, իհարկե, սոցիալական դժգոհությունը հանգեցնելու է բոլորովին այլ բանի: Նրա կարծիքով՝ այսպես շարունակվելու դեպքում արտագաղթը ավելի մեծ չափերի է հասնելու: «Էսպես շարունակելով՝ ամայացնելու եք երկիրը, էլ ու՞մ եք կառավարելու»,- ասաց նա:
Սեդրակյանն էլ նկատեց անցնող տարում ամենադրական մի հանգամանք. ուսումնասիրելով ՌԴ ժողովրդագրական խնդիրները՝ հանգել է եզրակացության, որ Մաքսային միությունը չի կարող կայանալ, իսկ դրա կողքին Հայաստանում ձևավորվում է փայլուն ու թանկարժեք մի բան՝ քաղաքացիների ինքնագիտակցությունը բարձրանում է, ապագայում սպասվում է ազատ հասարակություն:



