1in.am-ը գրում է.
Անցնող տարում Հայաստանի տնտեսության վիճակն ամփոփելով՝ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ ծանր էր հատկապես բանջարաբուծության վիճակը, մորմազգիների, հատկապես՝ լոլիկի, պղպեղի վիճակը: Բերբերյանը նշեց, որ զավեշտալի է՝ Բելառուսը լոլիկի մարինադ է արտադրում, Հայաստանը՝ չէ:
«Լինելով ԽՍՀՄ տոմատի 25 տոկոսի արտադրողը՝ այսօր դարձել ենք Չինաստանից տոմատ ներկրող: Սրա պատճառը նաև թույլ մասնագետներն են: Կիսով չափ նվազել է լոլիկի արտադրությունը, 40 տոկոսով՝ պղպեղի ու սմբուկի արտադրությունը, նաև՝ ցանքատարածությունները՝ Արարատյան հարթավայրում: Ընդ որում՝ բանջարեղենին փոխարինել են հացազգիները, անասնակերերը, բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները»,- ասաց նա:
Բերբերյանի խոսքով՝ եթե անցյալ տարի ունեինք լոլիկ, որի մեծածախ գինը, ասենք, 50 դրամ էր, այս տարի գինը 150 դրամից չիջավ՝ այն դեպքում, որ բնակչության վիճակը չի լավացել: Բանախոսը նշեց, որ պտղաբուծությունում այս տարի եղել է աճ, հաջող տարի էր հատկապես ծիրանի համար, թեև, ցավոք, դա լինում է չորս տարին մեկ, որպեսզի ծառերը հանգստանան:
Հացազգիների կայուն վիճակ է, իսկ անասնագլխաքանակի ավելանալ-պակասելը շուկան է ցույց տալիս: Գալիք տարում, ըստ Բերբերյանի, գյուղացին կարտոֆիլի ցանքատարածությունները կավելացնի, քանի որ այդտեղ շահույթ է տեսնում: «Ընթացիկ տարում հացազգիների ավելանալը բանջարեղենի և կարտոֆիլի նվազման արդյունք է, գյուղացին պետք է ինչ-որ բան մշակեր, ուստի անցավ հացազգիների: Մթերման առումով մի կողմից ունենք մի լավ ընկերություն, որ խթանում է դա, բայց մյուս կողմից էլ՝ նա կարծես թե մոնոպոլ է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք քայլեր են մշակել տնտեսության վիճակը բարելավելու համար:



