Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի արխիվում պահպանվում է բացառիկ մի լուսանկար. հանրահռչակ ամերիկացի գեղանկարիչ, արկտիկական ձյուների ու սարցադաշտերի սիրահար Ռոքուել Քենթը Դիլիջանի քաղաքացիներից ընդունում է իրեն հանձնվող նվերը: Այս եզակի վավերագիր-պատկերը չափազանց հետաքրքիր մի պատմության նախասկիզբն է, որն ուզում ենք ներկայացնել:
Հայաստանում այսօր էլ առանձնակի սիրով են հիշում Քենթին նաև այն պարզ պատճառով, որ այդ սերը փոխադարձ էր: Ավելին, Քենթը Հայաստանն անվանում էր աշխարհի ամենահրաշալի վայրը:
«Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ավելի շատ հրաշքների հանդիպել, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը: Ակամայից այս փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների և այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Երիցս կեցցես դու, հող հայկական, տաղանդների օրրան, հրաշագործների օրրան»,- մի առիթով ասել էր նա: Սիրո նման խոստովանությունն իր բազմաթիվ դրսևորումներն ու ապացույցներն ուներ` սկսած հայկական մատնաքաշից, որ նկարչի համար անմահական ուտելիք էր, վերջացրած երգչուհի Լուսինե Զաքարյանի ձայնով, ում կատարումներն ունկնդրելու համար մի անգամ նույնիսկ Քենթն ու նրա կինը Մոսկվայում դիմեցին բժիշկ Արխանգելսկու օգնությանը. վերջինս կարողացավ բացել կոնսերվատորիայի երգեհոնային դասարանը, և այնտեղ Լուսինեն հնչեցրեց իր աստվածային երգը:
Ռոքուել Քենթը մի քանի անգամ այցելեց Դիլիջան ու այնքան սիրեց այդ քաղաքը, որ այն անվանում էր Փոքրիկ Շվեյցարիա, իսկ հետո որոշեց իր կտավներից մի քանիսը նվիրել տեղի պատկերասրահին: Նկարչի առատաձեռնությունից շոյված՝ դիլիջանցիները պատասխան քայլն արեցին. այդ օրերին քաղաքից ոչ հեռու ընթանում էին հնագիտական պեղումներ, որի ժամանակ հայտնաբերվել էր երեքհազարամյա մի սափոր: Որոշեցին հենց այդ գտածոն էլ նվիրել Քենթին: Նվերն իսկապես թանկագին էր և անսպասելի: Հիացած Քենթը հայրենիք վերադառնալուն պես հայկական անոթը տեղադրեց իր աշխատասենյակի ամենաերևացող հատվածում` աղյուսե վառարանի վրա:
1969 թվականին նկարչի կյանքում դժբախտ տարի էր: Կայծակի հարվածից հրդեհվեց նրա տունը: Կրակի ճարակ դարձավ համարյա ամեն բան` բազմաթիվ կտավներ, նկարչի արխիվը: Սակայն հրաշքով այդ մոխիրների մեջ բոլորովին անվնաս էր մնացել դիլիջանցիների նվերը: Պատմում են, որ եղելությունից ապշած Քենթն ասել էր, թե հրդեհն առավել գեղեցիկ է դարձրել անոթը, իսկ այնուհետև բացականչել էր.
- Դե եթե դու այդքան հավերժական ես, ապա կտակում եմ, որ իմ մահից հետո քո մեջ ամփոփեն աճյունս:
Ռոքուել Քենթը վախճանվեց 1971 թվականին: Նկարչի պատգամը կատարեցին սրբորեն. նրա մասունքները լցրեցին հայկական սափորի մեջ ու հողին հանձնեցին: