1in.am-ը գրում է.

Հինգշաբթի Նյու Յորքի ապրանքային բորսայում ոսկու գինը հասել է եռամյա նվազագույն ցուցանիշի՝ մեկ ունցիայի դիմաց 1195 դոլար (1 ունցիան՝ 28.3495231 գրամ): Տարեսկզբից մետաղն էժանացել է 29 տոկոսով: Տարվա արդյունքներով՝ ոսկու գինը նվազել է վերջին 13 տարում առաջին անգամ: Սա ամենամեծ անկումն է 1981 թվականից ի վեր: Այս մասին հայտնում է Vedomosti-ն:

«Շրջադարձային պահ է,- ասել է Wells Fargo Advisers-ի ռազմավարական հարցերով գլխավոր միջազգային փորձագետ Սամիր Սամանան:- Տնտեսությունը սկսում է ամրապնդվել, սակայն սղաճը չի բարձրանում, իսկ տոկոսադրույքները չեն նվազում: Դա կխթանի խաղացողներին հրաժարվել ոսկուց»:

Ոսկու գները սկսել էին կայուն աճել 2001 թվականին: Ճգնաժամի ժամանակ՝ 2008-2011 թթ., աճն արագացել էր:

Երբ Դաշնային պահուստային համակարգը տնտեսության խթանման ծրագիր էր սկսել, ներդրողները խաղադրույք էին արել դոլարի փոխարժեքի նվազեցման ու սղաճի բարձրացման վրա: Որպես պաշտպանողական ակտիվ՝ ոսկու արժեքը բարձրացել էր: 2011-ի օգոստոսին՝ եվրոպական տևական ճգնաժամի, ԱՄՆ վարկային վարկանիշի նվազեցման ժամանակ և պահուստային համակարգի ակտիվների գնման նոր ռաունդի նախաշեմին, ոսկու գինը հասել էր պատմության մեջ առավելագույն ցուցանիշի՝ մեկ ունցիայի դիմաց 1888.7 դոլար:

2013-ին խաղացողները սկսել են պատրաստվել «Քանակական մեղմացում» (QE3) արժութային քաղաքականության վերացման: Բացի այդ, ֆոնդային շուկաները դրական աճ են ցուցաբերել: Վերացել են գումարը ոսկու տեսքով պահելու պատճառները: 

Credit Suisse-ի վերլուծաբանները, ովքեր ճիշտ էին կանխատեսել, թե ինչ տեղի կունենա ոսկու հետ 2013 թվականին, 2014-ին կանխատեսում են ոսկու գնի հետագա անկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել