1in.am-ը գրում է.
ԱԺ-ում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քննարկումը: Համաձայնագիրը Հայաստանին պարտավորեցնում է մինչև 2043 թ․ ներառյալ, բացի «Գազպրոմից», ռուսաստանյան որևէ այլ ընկերությունից գազ չներմուծել՝ միաժամանակ օժտելով ռուսական կողմին անվերապահ և բացառիկ իրավունքներով, այդ թվում՝ գազի ենթակառուցվածքների բացարձակ տնօրինման իրավունքով:
Նախնական հայտարարությունների համաձայն՝ պետք է տեղի է ունենար նաև քվեարկություն, մինչդեռ օրվա վերջին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց քվեարկությունը հետաձգել մինչև երկուշաբթի՝ ժամը 12-ը: Հետաձգելու պատճառն, ըստ երևույթին, ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի բացակայությունն էր․ այդ պարագայում իշխող կուսակցության և ՕԵԿ-ի ձայները միասին մեծամասնություն չէին կազմի:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե քվեարկության պահին հանրապետական պատգամավորները քիչ լինեն և չկարողանան ապահովել մեծամասնություն, ճիշտ կլինի եթե ընդդիմությունը գրանցվի և չքվեարկի՝ այդպիսով տապալի քվեարկությունը. «Ես ինչքան հասկացա Նաիրա Զոհրաբյանի խոսքերից՝ իրենք չեն քվեարկելու: Եթե նման իրավիճակ ստեղծվի, ապա ճիշտ եմ համարում չքվեարկելը, իսկ եթե ոչ, ապա՝ դեմ քվեարկելը»:
Անդրադառնալով համաձայնագրի բուն էությանը՝ Մարտիրոսյանն ասաց․ «Հիմա մենք այն ուղով ենք շարժում մեր պետականությունը, որ այն ուղղահայաց անկման է գնում և դա չնայած քաղաքական մեծամասնության հայտարարություններին՝ առ այն, որ իրենք այլևս բացառապես Աստծո կողմից ուղղված իշխանություն են: Դա, իհարկե, մեղմ տարբերակով ասած՝ իշխանությունը ամենաճիշտն է, ամենաազգայինն է, ամենաազգասերն է և այնքան ազգասեր են, ժողովրդի մասին այնքան են մտածում, որ մի քանի ամսվա ընթացքում 108 հազար ուղղակի նվեր են տալիս աշխարհին, ասում են մենք ձեզ նվեր ենք տալիս, ձեզ աշխատուժ ենք տալիս: Քաղաքացիներ, գնացեք աշխարհ տեսեք, երկիրը դատարկ է, թող այստեղ հանգիստ լինի մեզ համար: Ըստ էության, ասելու բան չկա, այն ինչ որ իշխանությունն անում է, տրամաբանական քննադատության մեջ նույնիսկ չի տեղավորվում»:
Նախկին պատգամավորի խոսքերով՝ այս իրավիճակի մեջ ընդդիմության մեղավորությունը միայն այն է, որ չեն կարողանում միավորվել և իշխանափոխություն իրականացնել․ «Ընդդիմությո՞ւնն է երեք տարի խաբել քաղաքացիներին ընտրությունների համար, որ գազի գինը չի թանկանալու, ընդդիմությո՞ւնն է մեղավոր, որ իրենք իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն մի թղթի տակ ստորագրել: Իհարկե՝ ոչ: Ընդդիմությունը միայն մի բանում է մեղավոր, որ մինչև հիմա չեն կարողացել համախմբվել՝ այս իշխանություններից ազատվել»:
Արմեն Մարտիրոսյանը պնդում է, որ գազի բարձրացված գինը չի փոխվելու, նա հիմա էլ իր մեքենան լիցքավորում է թանկ գնով․ «Իզուր են «189 դոլար» արտահայտությունն անում, քաղաքացին ոչ թե 189 դոլար է մուծում, այլ մուծում է 400 դոլար, և պետք չէ այդքան մեծ սուտ խոսել ու ամեն ինչ ՊՌ-ի շրջանակներում իրականացնել»:
Շատերի համար՝ Հայաստանի ինքնիշխանության կորստին և Հայաստանը վերջնականապես Ռուսաստանին հանձնելուն հավասարազոր համաձայնագրի ճակատագիրն Ազգային ժողովը կվճռի արդեն այս երկուշաբթի: Հասարակությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև այսօր խորհրդարանի դիմաց հավաքված արդեն իսկ բարձրաձայնում է, որ այն պատգամավորներն, ովքեր «կողմ» կքվեարկեն այդ համաձայնագրին՝ ազգի դավաճաններ են և վաղ թե ուշ պետք է պատասխան տան Հայաստանը Ռուսաստանին վաճառելու համար:
Տեղեկացնենք նաև, որ այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ իրենց խմբակցությունն առհասարակ քվեարկությանը չի մասնակցելու: ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը կոչ է արել քաղաքական մեծամասնությանը չքվեարկել: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարել է, թե իրենք կողմ են Մաքսային միությանը, բայց ոչ այս փաստաթղթերով և ձևաչափով: