Lragir.am-ը գրում է.

Ֆրիդայվինգի չեմպիոն Նատալյա Ավսեենկոն, ամբողջությամբ մերկանալով, 10 րոպե եւ 40 վայրկյան անցկացրել է երկու սպիտակ կետերի հետ հաստ սառույցի տակ, որտեղ ջրի ջերմաստիճանը հասել է -1,2 աստիճանի: Սովորական մարդու համար 5 րոպեն էլ բավական է, որ մահանա:

Ավսեենկոն այս քայլով ոչ միայն սահմանել է համաշխարհային ռեկորդ, այլ նաեւ իրագործել է իր մանկության երազանքը` ապացուցելով, որ կետերը հակված են վստահել մարդուն, եթե հավասարվում են նրանց:

Ռեկորդը սահմանվել է 2011 թ-ին, բայց այդ մասին շարունակում են խոսել մինչեւ այսօր. նկարահանվել է վավերագրական ֆիլմ` «Առաստաղը»:

Ավսեենկոն ասում է, որ երազանքը իրականացվել է մերկ վիճակում ոչ թե նրա համար, որ մարդկանց ուշադրությունը գրավի, այլ նրա համար, որ կետերը վստահեն իրեն:

Հանրագիտարանային տվյալների համաձայն 3-5 տարեկան այս տեսակի կետերը սպիտակ գույնի են լինում, որի համար էլ ստացել են նման անվանում: Կետերին ամերիկացիները անվանել են «ծովային դեղձանիկ», քանի որ նրանք արձակում են մոտ 50 տեսակի ձայներ, հաղորդակցվելու համար օգտագործում են նաեւ մարմնի լեզուն եւ միմիկաներ: Սպիտակ կետը այլ տեսակի կետերից տարբերվում է նրանով, որ ողնաշարի հատուկ կազմվածքի շնորհիվ կարողանում է թեքել գլուխը: Մեջքի վրայի լողակներից մեկի բացակայության պատճառով էլ սպիտակ կետերին կոչում են «անթեւ դելֆիններ»:

«Ես երկար տարիներ եմ փորձել հասնել իմ նպատակին, սակայն անընդհատ չի ստացվել: Բացի այդ, ունեցել եմ առողջական խնդիրներ: Բայց մի գեղեցիկ առավոտ ես հասկացա, որ չի կարելի երազանքի կատարումը թողնել վաղվա օրվան, այլ պետք է իրականացնել, երբ դրա կարիքն ունես»,- պատմում է Ավսեենկոն:

Նրա խոսքով` սպիտակ կետերը ամբողջ աշխարհում կազմում են ընդամենը 100,000:

«Մարդը, լինելով բավականին թույլ օրգանիզմ, քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ իր մեջ զարգացրել է կործանարար ուժ: Գրեթե բոլոր տեղերում, որտեղ հայտնվում է մարդը, բնությունը սկսում է կործանվել: Իհարկե սպիտակ կետերին դեռ ամբողջությամբ չեն հասել, նրանց երբեմն բռնում են դելֆինարիաների համար, բայց միեւնույն է բռնում են այն մարդիկ, ովքեր իրենց բնության արքաներ են երեւակայում»,- ասում է նա:

Բայց այլ են այն մարդիկ, ովքեր բնակվում են այնտեղ, որտեղ կետերն են բնակվում: Ինչպես Ավսեենկոն է ասում, նրանք իրենց կյանքում հասել են ամեն ինչի եւ համբերությամբ ու սիրով են վերաբերվում քաղաքից ժամանած մարդկանց: Նրանք հասկանում են, որ եթե մարդուն չօգնեն, նա կարող է մահանալ: Դա մի բան է, որը սովորեցնում է հյուսիսը:

Պատմելով երկու կետերի մասին, որոնց կոչել էր` Նիլմա եւ Մատրենա Ավսեենկոն հայտնում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գործ են ունեմում այդ կենդանիների հետ, այլեւս չեն կարող լինել նախկինի պես, քանի որ կետերը «սիրտ միացնելու» հրաշալի հատկությամբ են օժտված: 

«Դրա շնորհիվ է, որ մարդիկ արթնանում են իրենց առօրյա կյանքից: Վերանում է ավտոմատացված կյանքը ու այլեւս հնարավոր չէ հանդուրժել տիկնիկի կարգավիճակը: Արթնանում է նոր տեսակի ստեղծագործական էներգիան, արթնանում է սերը` իրական … »


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել