1in.am-ը գրում է.
Ամերիկյան Կենտուկի, Միսիսիպի և Միսսուրի նահանգներում տոռնադոյի և ձնաբքերի զոհի թիվը հասել է 7-ի: Ձյան առատ տեղումների ու մերկասառույցի պատճառով մի շարք նահանգներում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը զգալիորեն մեծացել է:
Այսպիսով՝ Կենտուկիի Նյու Հոուփ քաղաքի մոտ մեքենան, որում 5 մարդ է եղել, գետն է ընկել: Երեք մարդ զոհվել է, մյուս երկու ուղևորներին հաջողվել է դուրս գալ սառը ջրից: Նրանք հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Նույն նահանգում՝ Քերոլթոն քաղաքից ոչ հեռու, ևս մեկ մարդ է զոհվել: Նրա քառանիվ մոտոցիկլետը ընկել է գետը:
Փրկարար ծառայությունների տեղեկություններով՝ Միսիսիպի նահանգում տոռնադոյի զոհ է դարձել երկու մարդ: Տոռնադոն այնտեղ շրջել է նույնիսկ բեռնատարներ:
Նյու Յորք, Վերմոնտ և Մեն նահանգներում էլեկտրալարերի վնասման հետևանքով առանց էլեկտրականության է մնացել մոտ 100 հազար տուն:
Հարևան Կանադայի Օնտարիո նահանգում առանց էլեկտրականության է մնացել 350 հազար մարդ, այդ թվում՝ 250 հազարը Տորոնտոյում:
Toronto Hydro ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ բոլոր տների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման համար կպահանջվի 72 ժամ: Ոմանք նույնիսկ ստիպված կլինեն Սուրբ ծնունդը դիմավորել մթության մեջ:
Ոստիկանությունը գրանցել է ավտովթարների աճ: Օնտարիոյում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1, Քվեբեկի մարզում՝ 4 մարդ:
Տորոնտոյում տրամվայների երթևեկությունը դադարեցվել է: Հազարավոր չվերթներ են չեղյալ հայտարարվել Օտտավայի, Տորոնտոյի, Մոնրեալի և Գալիֆաքսի օդանավակայաններում: