NewsBook.am–ի զրուցակիցը «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն է. – Դուք համոզված եք, որ Հայաստանի այս դժոխային վիճակն իշխանությունների կողմից մշակված ու կիրառվող ծրագրի հետևանք չէ, քանի որ նրանք անընդունակ են որևէ ծրագիր մշակել ու կիրառել։ Այդ դեպքում, ո՞վ կամ ովքե՞ր են իրավիճակի պատասխանատուները։ Ի վերջո, եթե կա հանցանք, ապա կա նաև հանցագործ։ – Վերջերս Հրայր Թովմասյանի հետ կազմեցինք ու հրատարակեցինք «Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին» գիրքը: Եթե կարդաք այդ գիրքը, ապա կտեսնեք, որ այն, ինչ ունենք հիմա, գրեթե նույնությամբ եղել է հարյուր տարի առաջ: Այսինքն, ներկան իշխանությունների գործունեության արդյունք չէ, ավելին, իշխանություններն իրենց հերթին հետևանք են և ոչ թե պատճառ: Մենք այլ որակի իշխանություն ունենալ չէինք կարող: Քանիցս ասել եմ՝ մեղավորներ մի՛ փնտրեք մեր ժամանակներում, վերջին մեղավորը մահացել է հազար տարի առաջ, ու մենք հազար տարի է՝ հետևանքների մեջ ենք: – Այսօրվա իրավիճակի շուրջ ամենատարբեր որակումներ են հնչել մամուլում։ Դուք այն բնորոշել եք դժոխային։ Կարո՞ղ եք դժոխքից դուրս գալու ելքեր առաջարկել։ – Նախ հարկավոր է գտնել այն հարցերի պատասխանները, թե ինչո՞ւ է դժոխք, ե՞րբ է այն առաջացել, ի՞նչ պայմաններում, ինչպիսի՞ն է եղել հանրությունը նախադժոխային շրջանում և այլն: Եվ նոր միայն խոսել ելքի շուրջ: Մեր քաղաքական կուսակցություններն այս հարցերի համար «գտնում են» պարզունակ պատասխաններ՝ ամենը պայմանավորելով տվյալ պահի իշխանություններով: Եվ այդ պատճառով էլ իրական ելքը հասու չի լինում նրանց ու նրանք խամրում են ժամանակի ընթացքում: Նշածս հարցերի շուրջ լրջորեն խորհրդածել են, մասնավորապես, Գարեգին Նժդեհն ու Հայկ Ասատրյանը և ուրվագծել ելքի ուղին: Մեզ հարկավոր է հիմք ընդունել նրանց ուսումնասիրությունները և հաշվի առնելով հետագա տարիների ազդեցությունը հանրության վրա, ինչպես նաև ներկա աշխարհաքաղաքական վիճակը՝ լրամշակել նրանց ուսումնասիրությունները: – Ըստ Ձեզ, ի՞նչ կարող է անել այս պայմաններում ա. ընդդիմությունը, բ. քաղաքացիական հասարակությունը, գ. առանձին մտավոր ու հասարակական գործիչներ։ Եվ արդյո՞ք այսօր արվում է այն, ինչ անհրաժեշտ է։ – Հին ընդդիմությունը չունի երևույթների խորքը տեսնելու ցանկություն և շնորք: Նրանից ձեռք քաշեք: Որոշ հետաքրքիր զարգացումներ կան Նախախորհրդարանի հետ կապված: Քաղաքացիական պայմանագիր նախաձեռնությունը ևս էականորեն տարբերվում է մնացյալից, սակայն այս պահին ես տեղյակ չեմ նրանց չհրապարակած մտքերից, որպեսզի ամբողջական կարծիք կազմեմ: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց Նոր Հայաստանի մասին, որը ևս ուշագրավ առաջարկ էր, բայց կարծես, թե մոռացել է այդ մասին: Կրկնում եմ՝ քաղաքական նախաձեռնությունները հաջողություն չեն ունենա, եթե որպես հիմք չընդունեն նշածս մտավորականների ուսումնասիրությունները: Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, ապա այն չկա: Որոշ նախաձեռնություններ են պարբերաբար առաջանում, որոնց ծագումը միշտ չէ, որ պարզ է: Դրանք, իհարկե, աշխուժություն բերում են հասարակական կյանքին, սակայն էական փոփոխությունների հանգեցնել չեն կարող, քանի որ հիմնական հարցերը, որոնք նշեցի վերևում, մնում են անխապատասխան: Հիմա բարդ հարցերի շուրջ խորհելու ժամանակն է, և միտք կրողների խնդիրն է ավարտին հասցնել Նժդեհի ու Հայկ Ասատրյանի կիսատ թողած գործը: Ինքս տեսնում եմ որոշ առաջընթաց այս ասպարեզում: – Պարոն Պեպանյան, մեկ հարց ևս. դուք վկայակոչում եք Հայկ Ասատրյանին, Գարեգին Նժդեհին, առաջարկում եք կարդալ ու քննել նրանց մտքերը, բայց արդյո՞ք հիմա խորհելու և ոչ՝ գործելու ժամանակն է։ Որովհետև չի բացառվում՝ հողը փախչի մեր ոտքերի տակից, ու մենք տապալվենք՝ գրքերը ձեռներիս, մտքերի գիրկն ընկած։ –Մեր հիմնական խնդիրը հենց այն է, որ ձևացնում ենք, թե գործում ենք, որովհետև ամեն բան անում ենք առանց խորհելու։ Եթե չգիտեք, թե տվյալ հիվանդն ինչ հիվանդություն ունի, եթե չունեք ախտորոշումը, ապա ձեռնարկված քայլերն ավելի կարող են վտանգել հիվանդի վիճակը։ Իրավիճակը պահանջում է շատ արագ քննել այդ հարցերը և շատ արագ էլ անցնել գործողությունների։

Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել