Lragir.am-ը գրում է.

Կիրակնօրյա նոթեր

Ի՞նչ արժի էսօր Հայաստանը միջազգային «աճուրդում»։ Հանքեր, արդյունաբերություն՝ շատ չունենք, սարեր, ձորեր՝ կան… բայց ո´չ առաջինները, ո´չ էլ երկրորդներն են կարևոր մեր դեպքում։ Երկիրը ճանաչվում է մարդկանցով, որոնց «գինը» երևաց մի համաձայնագրի օրինակով։ Հայաստանին Եվրոասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար հատկացվելու էր 1,5 միլիարդ եվրո, բայց երկիրը Մաքսային միությանը բռնակցվեց, և «դավին անտեղյակցավին անտարբեր» ժողովրդի դիմադրության բացակայության պայմաններում Պուտինը ոչ մի փոխհատուցում էլ չառաջարկեց, ավելին, տնտեսական ու քաղաքական նոր դիրքեր խլեց։

Ուկրաինային Եվրոասոցացման գործընթացի էս փուլում 1-2 միլիարդի հույս էին տալիս, բայց էսօր արդեն երկիրը Ռուսաստանից ստացել է 15 միլիարդի վարկի խոստում (եթե ռուսները չխաբեն), որովհետև ցույցի դուրս եկան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր վիրավորվել էին, որ, Պուտինի հրահանգով, օրինական ընտրված նախագահ Յանուկովիչը հետին մանկլավիկի նման խաբել է իրենց։

Հայաստանում իրենց արժանապատվությունը պաշտպանելու դուրս եկած քիչ մարդկանց գնահատեցին իշխանությունը զավթած անձինք. Պուտինի այցի օրը «կարմիր բերետավորներն» ու «մոխրագույն»  ոստիկանները թվով գերազանցում էին ցուցարարներին, մի քանի ժամով փակ պահվեցին տարբեր կենտրոնական փողոցներ, օգտագործվում էին «կետային» հարվածներով ցուցարարներ առևանգելու ժամանակակից մեթոդներ։ Առանձին խոսակցության թեմա է, թե ոստիկանությունն իր բյուջեի ու մարդկային  հնարավորությունների ո՞ր մասն է օգտագործում հանցագործների վնասազերծման, իսկ ո՞րը՝ իշխանությունը զավթած հանցագործներին հանրությունից պաշտպանելու համար, բայց բոլոր դեպքերում մեկ քաղաքացու վրա արված ծախսի հաշվարկով ցուցարարները պետք է որ ամենաթանկը լինեն Հայաստանում։

Հայ հանրության ակտիվ մասը տարիներ շարունակ «մշակվում» է «անկախ» կամ «ընդդիմադիր» գործիչների ու մեդիայի կողմից, որոնք, իշխանությունը զավթած անձանց հետ ստոր գործարքի համաձայն, քարոզում են, թե սրանք (իշխանությունը զավթած անձինք) աղբ են, բայց մյուսներն էլ մի «զիբիլ» չեն։ Արդյունքում քաղաքական դաշտում վարկաբեկվել են բոլորը, բայց դրանից շահել են միայն իշխանությունը զավթած անձինք, որոնք մնացել են իշխանության գլուխ։ Էս բոլորի ֆոնին զարմանալի չէ, որ ձևավորվել է «Ինքնիշխան Հայաստանի քաղաքացիներ» խումբ, որը հավակնում է առաջնորդել «Հայռուսգազարդ»-ի հետ ՀՀ կառավարության կնքած կործանարար պայմանագրի դեմ պայքարը և հայտարարություն է տարածել, թե «ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԿՍԵՂՄԵՆ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԿՈՃԱԿԸ, ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԽՍՏԱԳՈՒՅՆ ՊԱՏԺԻ»։

Ուկրաինական փորձը մի կարևոր բան էլ ցույց տվեց. մենակ քաղաքական առաջնորդները չէ, որ մարդկանց հրապարակ են բերում, հրապարակը ևս քաղաքական գործիչներ է ստեղծում կամ եղածներին հիշեցնում, որ իրենք մարդ են, պատասխանատվություն ունեն։ Մինչև վերջերս ոչ մի ընդդիմադիր գործիչ Ուկրաինայում էնքան «քաշ» չուներ, որ նախագահի հետ մրցակցեր, բայց հանրահավաքների ալիքից հետո Եվրոպան արդեն Յանուկովիչին իրավազոր չի համարում բանակցություններ վարել, ինչքան էլ սա ձևացնում է, թե երկիրը տանելու է Արևմտյան ուղղությամբ։

Ես ասվածից չեմ եզրակացնում, թե ուկրաինացիները լավն են, իսկ հայ ժողովուրդը՝ վատ։ 25 տարի առաջ, երբ Հայաստանը պայքարում էր սովետական կայսերության դեմ, Ուկրաինան սովետական խորը անզգայացման մեջ էր։ 2000-ական թթ.-երն ուկրաինացիների համար ավելի նպաստավոր եղան, քան՝ մեզ։ Բայց էդ անհամաչափությունը ժամանակավոր է. հետխորհրդային երկրների մեծ մասում իշխանությունը զավթել է մի կուսակցություն՝ ԿԿԿ-ը (կաշառակերներ-կարիերիստներ-կրիմինալ), որը Կրեմլի հենարանն է ամբողջ աշխարհում, և նրանից ազատվելու փորձը մեկը շուտ է անում, մեկը՝ ուշ, հաջողությունն էլ փոփոխական է։

Էսօր Ուկրաինա´ն իր «մեյդանով» օրինակ ծառայեց, որ պետք է փողոց դուրս գալ առանց նայելու՝ կա առաջնորդ, թե չէ, երբ հարցը վերաբերում է պետության հեղինակությանը, նրա տնտեսության փրկությանը։ Հայաստանում նաև պետք չի նայել, թե քանի ուրիշ մարդ է դուրս եկել իր զայրույթը արտահայտելու՝ Կրեմլի երդվյալ մանկլավիկները շատ չեն, նրանք իշխանությունն են զավթել։

Հ. Գ. Իհարկե, բողոքի գործողություններին պետք է մասնակցեն հատկապես նրանք, ովքեր սուր մեկնաբանություններ են գրում «ֆեյսբուքում» ու մեդիայում։ Նոթի հեղինակն ինքը հիշում ու հնարավորին չափ հաճախ է կատարում էդ պահանջը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել