Achqeri tesac

 Մարդկային մեղք, որ դատողը պիտի ենթարկվի դատաստանի ըստ Տիրոջ խոսքի.«Մի՛ դատեք, որ չդատվեք»:
Մենք շատ հաճախ ենք դատում մարդկանց, հատկապես քրիստոնյաներին, որոնք ճշմարիտ հավատքի մեջ են` մատնացույց անելով նրանց տկարությունները, եւ մի պահ մոռանալով մեր սեփական մեղքերն ու տկարությունները: Ճշմարիտ քրիստոնյան, առավել եւսքահանան, մեծ հոգեւոր պատերազմի մեջ է այս աշխարհի իշխանի` սատանայի դեմ, եւ երբեմն մարդկային տկարության պատճառով հնարավոր է, որ նրան գտնենք բարկացած կամ մեկ ուրիշ իրավիճակում եւ, իսկույն գայթակղվելով, սկսենք ենթադրություններ անել: Ճշմարիտ քրիստոնյան, ինչքան էլ մեղանչի, գիտի ելքը` ապաշխարությամբ մաքրվելու եւ խոստովանությամբ իր մեղքերը քավելու եւ այսպիսով արժանանալու Տիրոջ օրհնությանը: Աստվածատես սուրբ հայրերից մեկն ասել է.«Երբ եղբորդ տեսնես մեղք գործելուց, մի՛ դատիր նրան ու մի հրապարակիր նրա գործածը, որովհետեւ դու տեսնում ես նրա մեղանչելը, իսկ ապաշխարությունը չես տեսնում»: Ապաշխարությունը եւ խոստովանությունը հոգու մղում է, որ մարդուն մղում է ինքնամաքրման ու կատարելության: Իսկ ի՞նչ ենք անում մենք` դատում ենք, վատաբանում, չարախոսում եւ այս տեսակ արարքներով ենթարկվելով չարին, մեր վրա կուտակում ենք Աստծո բարկությունը: Դատաստանը Աստծունն է, եւ մենք իրավունք չունենք մարդկանց, հատկապես Եկեղեցու ծոցում ապաշխարությամբ ու խոստովանությամբ ապրող մարդուն դատելու: Հիսուս ասում է.«Նախ հանիր քո աչքի գերանը եւ կտեսնես եղբորդ աչքի շյուղը հանելու ուղին»: Եւ իրոք, երբ մարդ ազատված է որոշ մեղքերից, նա տեսնում է դրանց հաղթահարելու ճանապարհը եւ, դրանով ընթանալով, կարող է իր նմանին իր իսկ կյանքի փորձառությամբ առաջնորդել, իսկ եթե չունի այդ փորձառությունը, ապա այստեղ տեղին է Հիսուսի խոսքը մեջ բերել.«Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել, չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն»: Իսկ ի՞նչ կլինի թերահավատ կամ անհավատ մարդու կարգավիճակը, ով ապրում է բնազդային կրքերով ու անգամ խղճի խայթն է արհամարհում եւ ինքնամաքրման մասին չի ցանկանում լսել, սրանք այն մարդիկ են, որոնք եթե դարձի չգան, չապաշխարեն իրենց գործած մեղքերի համար, Աստուծո դատաստանին կարժանանան, ուր «Լաց է ու ատամների կրճտում»: Դեռեւս իր ժամանակին Արիստոտելն այսպես է ասել. «Երկու կարգի մեղավոր կա.մեկը մեղքեր է գործում վատ սովորության համաձայն` չցանկանալով, ու հետո զղջում է, իսկ մյուսը գիշեր – ցերեկ մեղքեր է գործում ու երբեք չի զղջում, ապա ավելացնում է.այն որ զղջում է, մեկ օր այլեւս չի մեղանչի, որովհետեւ Աստված կտեսնի նրա զղջումը եւ ողորմություն կանի, իսկ նա, որ մտածում է մեղանչել առանց զղջումի, մեկ օր կենթարկվի դատաստանի»: Իսկ Հիսուս, աշխարհ գալով, մեզ ցույց տվեց մեղքերից մաքրվելու իրական ուղին, ինչը պետք է սկսվի հավատքից ու սրանից բխած բարի գործերից: Երբեմն մենք մեզ հարց տալի՞ս ենք, թե ինչու ենք այսքան չար ու հպարտ, գոռոզամիտ ու չարախոս, անբարո ու անզիջում, եւ որտեղից արդյոք այն մեզանում: Քննե՞լ ենք ինքներս մեզ, ցանկացե՞լ ենք արդյոք փոխվել, թե՞ մեր կյանքը մեզ դուր է գալիս: Այսօր գիտությունը վկայում է, որ աշխարհում կան դրական եւ բացասական լիցքեր, որոնցից մարդը մեծ ազդեցություն է կրում: Ինչքան մարդ չար է, այնքան բացասական ուժերի ներքո է գտնվում ու ինչքան բարի է` այնքան դրական ուժերի ազդեցության, այսինքն կամ չարի ազդեցության` որ մենք մեղքի ծնող ենք անվանում, կամ Աստծո, որ մեր փըրկության հանգրվանն է: Մուտքը դեպի մեղքի աշխարհ շատ քաղցր է, սակայն պտուղը շատ դառն է ու կորստաբեր, դեպի ապաշխարություն, զըղջում տանող ուղին դառն է, սակայն պտուղը շատ քաղցր է: Ով մեկ անգամ զղջացել, ապաշխարել, խոստովանել ու հաղորդվել է Եկեղեցում Տիրոջ Մարմնի ու Արյան հետ, նա գիտի այս քաղցրությունը, որովհետեւ սրանց միջոցով մարդը ներդաշնակվում է իր Արարչի հետ, սրանով Արարիչը սկսում է խոսել արարածի հետ եւ կամաց – կամաց առաջնորդում դեպի փրկություն, եւ նա անբաժան է այլեւս իր Արարչից ու Նրա կողմից հաստատված Սուրբ Եկեղեցուց: Ուստի, փոխարեն իրար դատելու, անօրենության ծնողին ենթարկված չար ու ամբարտավան մեղքերով լեցուն կյանք վարելու, մի պահ կանգ առնենք, քննենք ինքներս մեզ, մեր միջից վանենք չարը ու բարին ամուր բռնենք: Հիշենք, որ .«Փտած շիվերը խոր արմատներ չեն տա, թեկուզ ծաղկեն էլ, բայց խոր արմատներ չունենալու պատճառով կչորանան» Իմաստություն Սողոմոնի 4;3-5:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել