Գեորգենը Տրանսիլվանիայի հնագույն հայաբնակ բնակավայրերից է, ուր հայերը հաստատվել են դեռեւս 17-րդ դարի վերջում, հիմնել եկեղեցի, դպրոց, ակումբներ եւ առեւտրական ու արհեստագործական հաստատություններ: Հայերի շնորհիվ աննշան բնակավայրը ժամանակին արագորեն դարձել է շրջանի զարգացած առեւտրաշահ քաղաքներից մեկը: Քաղաքի հայկական հարստությունները մեծապես տուժել են հետպատերազմյան շրջանում` անցյալ դարի 50-60-ական թվականներին, երբ հայերից խլվել են կալվածքները եւ իրենց իսկ կառուցած շքեղ շենքներն ու հաստատությունները: Այսօր Գեորգենում դեռեւս ապրում են մոտ 600 կաթոլիկ հայեր, գործում են աշխարհիկ եւ հոգեւոր միություններ, որոնք մասնավորապես նրանց անխոնջ ղեկավարներ Աթիլլա Պուշկաշի/Puskas Attila, Լասլո Կուլչարի/Kulcsar եւ մյուսների ջանքերով ձգտում են վառ պահել հայկական ոգին, հոգեւոր-մշակութային ավանդույթները:



