Տարիներ շարունակ մեր երկրում տեղի են ունենում տարբեր քաղաքական գործընթացներ, իհարկե դրանք այնքան էլ բազմազան չեն և արդյունավետ, բայց այնուամենայնիվ տեղի են ունենում: Տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական իրականության մեջ գործում են տարբեր քաղաքական ուժեր, որոնք իրենց հետ փորձում են բերել նոր ծրագրեր և տեսակետներ: Սակայն, այդ քաղաքական ուժերից և ոչ մեկն այնքան խոհեմություն չունեցավ, որ հասկանար, որ մեր խնդիրը հասարակական գիտակցության մեջ է, որ մեր խնդիրը քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված քաղաքացի չունենալու մեջ է և քաղաքական պրոցեսներին զուգընթաց հարկավոր է նաև լուրջ աշխատանք տանել ժողովրդի մտածողության, հոգեբանության և գիտակցության հասունացման ուղղությամբ:
Եթե դու հասարակությանը մատուցում ես մի այնպիսի քաղաքական «ուտեստ», որը նա ունակ չի ընկալել և մարսել, ինքնանպատակ գործունեությամբ ես ուրեմն զբաղված: Այսօր Հայաստանի Հանրապետության համար մեկ խնդիրը քաղաքացիական լայն հասարակության բացակայությունն է և ոչ-ոք քաղաքական ուժերից բացարձակ ոչ մի աշխատանք չի տանում այս ուղղությամբ, իսկ իշխող կուսակցությանը դա ամենաձեռնտուն է և պիտի փաստեմ, որ ոչ միայն ՀՀԿ-ին է դա ձեռնտու: Այսօր ըննդիմադիր քաղաքական ոլորտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ նույն քաղաքական ուժերը կարիք ունեն լուրջ քաղաքական կոնֆորմացիաների, այսօր հանդես են գալիս քաղաքացիական այնպիսի նախաձեռնություններ, որոնք մի քանի քայլ առաջ են շատ ընդդիմադիր քաղաքական ուժերից և պնդել, որ Հայաստանի Հանրապետության խնդիրները բխում են միայն իշխանությունից, առնվազն, պարզամտություն կլինի և ինքնախաբեություն: Ներեցեք, բայց ես երբեք ինքնախաբեությամբ չեմ զբաղվել...