1in.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով օրերս նշեց իր 77-ամյակը, պատրաստվում է դիմավորել առաջին Սուրբ Ծնունդը առաքելական գահին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Սուրբ Ծննդի նախաշեմին հովվապետը հարցազրույց է տվել «Ստամպա» թերթին, որում մասնավորապես կիսվել է քրիստոնյաների համար այս կարևոր իրադարձության շուրջ մտորումներով:
«Սուրբ ծնունդն ինձ համար հույս և նրբություն է»,- խոստովանել է Հռոմի պապը և հավելել, որ այն իր համար նաև սփոփանք է:
Նրա խոսքերով` Աստծո հույսի և նրբության մասին մոռացած եկեղեցին դառնում է սառը եկեղեցի, որը չգիտի` ուր գնալ և հայտնվում է գաղափարախոսությունների շղթաներում:
«Երբ մարդը ի վիճակի չէ հասկանալ այդ ուրախությունը կամ գտնվում է այնպիսի իրավիճակում, որը թույլ չի տալիս նրան անել դա, ապա նա այդ տոնը վերապրում է աշխարհիկ ուրախությամբ: Սակայն խորախորհուրդ ուրախության և աշխարհիկ ուրախության միջև տարբերություն կա»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Հռոմի պապն ընդգծել է, որ իր առաջնային նպատակը էկումենիզմն է (համաքրիստոնեական միասնականության գաղափարախոսություն): Այս կապակցությամբ նա հիշատակել է 50 տարի առաջ Պողոս 6-րդի այցը Սուրբ Երկիր և ցանկություն է հայտնել անձամբ մեկնել այնտեղ:
Հարցազրույցի վերջում Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ երբեք չի կարողացել ենթադրել, որ կդառնա պապ, սակայն երբ ընտրությունը կայացավ, չի երկմտել և միանգամից տվել է իր համաձայնությունը: