Ահա և եկավ տարվա ամենակախարդական ժամանակները՝ լույսեր, նվերներ, ձյուն ու շատ սեր: Եկավ այն նախատոնական տրամադրությունը, որն ամենալավ զգացողություններն է հաղորդում, և մարդուն ներդաշնակության զգացողություն փոխանցում: Նախատոնական տրամադրությունն առաջին հերթին ամեն անձ ստեղծում է յուրովի, իհարկե, առանց ամանորյա գովազդների, երգերի այդ տրամադրությունը դժվար թե ստեղծվի: Այս տարի առաջին անգամ տոներին պատրսատվում եմ ոչ Հայաստանում: Օգտվելով այդ առիթից՝ կներկայացնեմ Մոսկվայի նախատոնական տրամադրությունը: Նախ ասեմ, որ այստեղ Նոր տարի ասվածին մոտենում են ոչ այդքան ծանր: Ամանորն իրենց համար նվերներ տալու, ստանալու, երգելու, պարելու տոն է: Այստեղ վերջին պլանում է գտվում «սեղանի» հարցը, այն կարծրատիպերը, որոնք մինչ այսօր կան հայ հասարակության մեջ, այստեղ վերացել են կամ չեն եղել: Ոչ ոք պարտքով սեղան չի գցի, կմատուցի այն, ինչ ցանկանում է՝ առանց որևէ հատուկ ճաշացանկի: Հետևելով Մոսկվայի նախատոնական տրամադրությանը՝ կարող եմ ասել, որ մարդկանց համար Նոր տարին սկսվում է շատ շուտ՝ բառիս ոչ բուն իմաստով՝ դեռ նոյեմբերի առաջին շաբաթվանից քաղաքում կարելի է տեսնել զարդարված փողոցներ, տոնածառեր: Ճիշտ նույնը կատարվում է տներում, դեռևս նոյեմերին զարդարում են տոնածառը, լուսավորում են պատուհանները և այլն: Մոսկավան վաղուց արդեն գեղեցիկ զարդարված է: Զարդարանքի հիմնական գույնը կապույտն է: Երբ շրջում ես քաղաքով, մի պահ պատկերացնում ես քեզ հին ռուսական մուլտֆիլմի մեջ «Զիմնյայա Կառալեվա»՝ ամեն ինչ կապույտ է, լույսերը, տոնածառերը: Իմիջիայլոց, տներում նույնպես կապույտ գույնն է գերակշռում: Մոսկվայում գեղեցիկ զարդարված են միայն կենտրոնական փողոցները, մասնավորապես՝ կենտրոնը, իսկ ծայրամասերում նախատոնական տրամադրություն ստեղծում են հենց բնակիչները՝ զարդարելով իրենց բակերն ու շրջակայքը: Իհարկե, կան այնպիսի թաղամասեր, որոնցում գտնվելիս չես ասի, որ Ամանորը մոտենում է, պարզ է, պետությունը չի զարդարել, իսկ բնակինչներն էլ իրենց քթից այն կողմ չեն տեսնում: Ի տարբերությւոն Երևանի՝ այս օրերին բոլոր իրերի՝ սնունդ, տնտեսական պարագաներ, հագուստ, գներն իջնում են, լինում են հատուկ առաջարկներ, նվերներ և այլն, իհարկե, սա շատ ոգևորիչ է. չ՞է որ Ամանորը ուրախություն մատուցելու, պարգևելու տոն է: Ինչևէ, որտեղ էլ որ լինես, մեկ է դեկտեմբերի 31-ը գալու է. ոմանք ստիպված, ոմանք մեծ ուրախությամբ կսպասեն ժամը 12-ին և կդիմավորեն Նոր տարին, նոր 2014 թվականը, որը, համոզված եմ, լավն է լինելու: Իր հետ բերելու է երջանկություն ու հաջողութուն, իհարկե, միայն նրանց համար, ովքեր հավատում են հրաշքներին: Դրանց մեջ եմ նաև ես. զինվում եմ համբերությամբ և սպասում:

Image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել