1in.am-ը գրում է.
Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի Աշխարհի չեմպիոն դարձած Զինեդին Զիդանը վստահ է, որ «եռագույններ»-ը ոսկե մեդալների են հավակնելու նաև Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջիկա առաջնության ժամանակ:
Հիշեցնենք, որ Դիդյե Դեշամի սաները մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել` անցումային խաղերում 2 հանդիպումների արդյունքում հաղթահարելով Ուկրաինայի ընտրանու արգելքը (0:2, 3:0):
«Ֆրանսիան լավ հնարավորություն ունի: Խաղացողներն արդեն պատրաստ են թռիչքի: Նրանք ունեն այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Ֆրանսիայի ընտրանու կազմում են կատարողներ, ովքեր ի վիճակի են արդյունք ապահովել թիմի համար:
Երբ ժամանակը գա, կասկած չունեմ, որ թիմը պատրաստ կլինի: Իհարկե, կարող ենք պնդել, թե այժմ որքան լավ վիճակում է թիմը, սակայն Աշխարհի առաջնությանը դեռ մոտ կես տարի ժամանակ կա: Հենց այդ ժամանակ էլ նրանք պետք է լիարժեք պատրաստ լինեն, աշխատեն ամբողջ ուժով և ինչ-որ մեծ բանի հասնեն»,- ասել է Բրազիլիայի հավաքականի դեմ փարիզյան եզրափակչում «ոսկե» դուբլի հեղինակ դարձած Զիդանը: