Panorama.am-ը գրում է.
Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը «Արևելյան գործընկերության ինտեգրում և համագործակցություն» ծրագրի շրջանակում Հայաստանին 25 մլն եվրո ֆինանսական օժանդակություն է հատկացնելու: Եվ ահա այսօր, մոտ մեկ շաբաթ անց Եվրամիությունը որոշել է «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակում Հայաստանին հատկացնել լրացուցիչ 41մլն եվրո:
Աջակցության առաջին փաթեթը ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարին և քաղծառայության ոլորտում բարեփոխումներին: Իսկ 41մլն եվրոն՝ կոչված է աջակցելու Հայաստանում քաղաքացիական հասարակությանը, տարածաշրջանային զարգացմանը և գյուղատնտեսությանը: Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրություններում ասվում է, որ ընդլայնվել է քաղաքացիական հասարակությանն ուղղակիորեն տրվող աջակցությունը:
Հատկանշական է, որ նախորդ տարի «Արևելյան գործընկերության ինտեգրում և համագործակցություն» ծրագրի շրջանակում շրջանակում Եվրամիությունը Հայաստանին հատկացրել է 15մլն եվրո ֆինանսական աջակցություն, որն ուղղվել է արդարադատության և կրթության ոլորտում բարեփոխումներին: Այդ ժամանակ դեռ շարունակվում էին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման բանակցությունները, և ոչինչ չէր վկայում, որ Հայաստանը մեկ տարի անց որոշում կկայացնի միանալ Մաքսային միությանը: ՄՄ-ին միանալու որոշումից հետո ԵՄ-ն ոչ միայն չի կրճատում, այլև, հակառակը, կրկնապատկում է իր աջակցությունը:
Համեմատության համար նշենք, որ ԵՄ-ն նույն ծրագրի շրջանակում 27 մլն եվրո աջակցություն է տրամադրելու Վրաստանին, որը նախաստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, ավելին՝ մշտապես հայտարարել ԵՄ-ին անդամակցելու իր ցանկության մասին:
Ինչպես երևում է, աջակցության ծավալը գրեթե նույնն է: Իսկ «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակում Եվրամիությունը 2011-2013թթ.-ի համար Հայաստանին հատկացրել է ընդհանուր 157մլն եվրո: Բացի այդ, դեկտեմբերի 6-ին Եվրոպական ներդրումային բանկը որոշել է 60 մլն եվրո վարկ տրամադրել Հայաստանին` Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության նպատակով: Այդ վարկը տրամադրելու որոշման մեջ ընդգծվել է մայրուղու տարածաշրջանային նշանակությունը:
Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակել ԵՄ հետ համագործակցությունը և բարեփոխումների հարցում գրանցած առաջընթացը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ ունենալ սերտ հարաբերություններ և պահպանելով արդեն իսկ ձեռք բերվածը` թարմացնել համագործակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ