Ազդել մեկի վրա, նշանակում է նրան տալ իր սեփական հոգին: Նա ոչ իր մտքերով է խորհում և ոչ էլ այրվում է իր կրքերով: Նրա և առաքինությունները և մեղքերը, եթե ենթադրել, որ դրանք իրոք գոյություն ունեն, իրենը չեն, այլ փոխ են առնված: Նա դառնում է ուրիշի երաժշտության արձագանք, դերասան` մի դերում,որն իր համար չի գրված: Կյանքի նպատակը ինքնաարտահայտումն է: Դրսևորել իր իսկ էությունն ամբողջապես, ահա թե ինչու ենք ապրում… Մինչդեռ մեր դարում մարդիկ վախենում են իրենք իրենցից:Նրանք մոռացել են, որ մեծագույն պարտքը դա սեփական անձի համար ունեցած պարտքն է: Ինքըստինքյան հասկանալի է, նրանք գթասիրտ են,կերակրում են քաղցածներին, հագցնում աղքատներին: Բայց սեփական հոգիները սովվալուկ են և մերկ: Խիզախությունը մենք կորցրել ենք: Գուցե դա երբեք էլ չե՞նք ունեցել: Հասարակական կարծիքի հանդեպ ունեցած սարսափը բարոյականության հիմքն է, իսկ սարսափը Աստծու առաջ, դա այն սարսափն է, որի վրա հիմնվում է կրոնը: Ահա թե ինչն է իշխում մեզ վրա: Մինչդեռ, եթե մարդ կարողանար ապրել լիարժեք կյանքով, այսինքն ազատություն տար յուրաքանչյուր զգացմունքին, արտահայտություն` յուրաքանչյուր մտքին և իրագործեր յուրաքանչյուր երազանք, կարծում եմ, աշխարհը կապրեր այնպիսի հզոր պոռթկում, որ մենք կմոռանայինք միջնադարի բոլոր հիվանդությունները և կվերադառնայինք հելլենիզմի իդելաներին, իսկ գուցե նաև ավելի գեղեցիկ, ավելի արժեքավոր մի բանի, քան այդ իդեալներն են:
Բայց մեզանից ամենաքաջն անգամ վախենում է ինքն իրենից: Ինքնահրաժարումը, վայրի ժամանակների այդ ողբերագական վերապրուկը, երբ մարդիկ այլանդակում էին իրենք իրենց, մթագնում է նաև մեր կյանքը: Եվ մենք պատժվում ենք մեր այդ ինքնասահմանափակման համար: Յուրաքանչյուր ցանկություն, որ մենք փորձում ենք խեղդել, թափառում է մեր հոգում և թունավորում մեզ: Մեղանչելով, մարդը ազատվում է դեպի մեղքը անհաղթահարելի ձգտումից, որովհետև մեղքի կատարումը մաքրման միջոց է: Դրանից հետո ոչինչ չի մնում, հաճույքների վերհիշումից կամ զղջման հեշտասիրությունից բացի: Գայթակղումից ազատվելու միակ միջոցը նրան զիջելն է: Փորձիր ընդդիմադրել, և հոգիդ կհյուծվի, ձգտելով արգելվածին, մի ձգտում,որը համարվում է անօրեն և հրեշավոր, քո իսկ ստեղծած ճիվաղային օրենքների կողմից: Ինչ-որ մեկն ասել է, որ աշխարհի ամենախոշոր իրադարձությունները կատարվում են ուղեղում: Իսկ ես կասեմ,որ ուղեղում և միայն ուղեղում են կատարվում նաև աշխարհի ամենամեծ մեղքերը: Գեղեցիկի ետևում միշտ ինչ-որ ողբերգական բան է թաքնված: Որպեսզի փթթի ամենափոքր ծաղիկը, աշխարհները պետք է տանեն երկունիքի տառապանքները: Միակ բանը, որի համար երբեք մարդ չպետք է զղջա, դա մեր սխալներն ու մոլորություններն են: Տղամարդիկ ամուսնանում են հոգնածությունից, իսկ կանայք` հետաքրքրասիրությունից: Հետո երկուսն էլ հիասթափվում են: Կանանցից հանճար չի լինում: Նրանք զարդարող սեռ են: Նրանք աշխարհին ասելիք չունեն, բայց ասում են շատ քաղցր ձևով: Կանայք մարմնավորում են նյութի հաղթանակակը մտքի հանդեպ, իսկ տղամարդիկ` մտքի հաղթանակը բարոյականության հանդեպ: Երջանկության իսկական գաղտնիքը գեղեցիկի որոնման մեջ է: Սիրահավածությունը սկսվում է նրանից, որ նա խաբում է ուրիշին: Ահա հենց դա էլ աշխարհը կոչում է սիրավեպ: Ուրիշների ողբերգության մեջ ինչ-որ անսահման ողորմելի բան կա: Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշներին են տալիս այն, ինչ հենց իրենց է անհրաժեշտ: Ամեն մի անծանոթ զգացումի համար արժե վճարել ամեն ինչ: Հոգի և մարմին, մարմին և հոգի… Ի˜նչ հանելուկ է դա: Հոգու մեջ թաքնված են կենդանական բնազդներ, իսկ մարմնում զգացվում են շնչավորող պահեր: Զգացմունքային բռնկումները կարող են նրբանալ, իսկ բանականությունը` բթանալ: Ո՞վ կարող է ասել, երբ է լռում մարմինը, և երբ է սկսում խոսել հոգին: Որքան մակերեսային են սովորական հոգեբանների անհամոզիչ բնորոշումները: Եվ միևնույն ժամանակ որքան դժվար է որոշել, թե տարբեր դպրոցներից որն է ավելի մոտ ճշմարտությանը: Իսկապե՞ս մարդու հոգին լոկ ստվեր է, ամփոփված մեղսագործ պատյանի մեջ: Թե՞ մարմինն է ամփոփված հոգու մեջ, ինչպես ենթադրում էր Ջորդանո Բրունոն: Հոգու անջատումն մարմնից նույնքան անհասկանալի է, որքան հոգու և մարմնի միաձուլումը: Մենք դեռևս միշտ չէ, որ հասկանում ենք ինքներս մեզ, իսկ ուրիշներին` ավելի հազվադեպ: Փորձը չունի բարոյագիտական ոչ մի նշանակություն: Փորձ անունը մարդիկ տվել են իրենց սխալներին: Բարոյագետները որպես կանոն, փորձի մեջ միշտ նախազգուշացման միջոց են տեսել և համարել են, որ դա ազդում է բնավորության ձևավորման վրա: Նրանք փառաբանում են փորձը, քանի որ փորձը մեզ սովորեցնում է ինչին հետևել և ինչից խուսափել:
Բայց փորձը` շարժիչ ուժ չունի: Նրա մեջ գործնականը նույնքան քիչ է, որքան և մարդկային գիտակցության մեջ: Իրականում նա միայն ապացուցում է, որ մեր գալիքը միայն ապացուցում է, որ մեր գալիքը սովորաբար նման է մեր անցյալին, և եթե մի անգամ մեղանչել ենք դժկամությամբ, դա կրկնում ենք կյանքում բազմաթիվ անգամ, բայց արդեն բավականությամբ: Ամենաթույլ զգացմունքները այն զգացումներն են, որոնց ծագումը մեզ համար հասկանալի է: Հաճախ մարդ կարծում է, թե ինքը ուրիշի վրա է փորձ կատարում, մինչդեռ իրականում փորձը կատարում է հենց իր վրա: Կանայք միշտ պաշտպանվում են հարձակումով: Եվ նրանց այդ հարձակումները հաճախ վերջանում են հանկարծակի և անհասկանալի հանձնվելով: Սերը վեհացնում է մարդուն: Ինձ համար այժմ գարուն է` իսկական ծաղկունքի պարահանդես կապույտ երկնքի տակ: Նրան տեսնել, նշանակում է պաշտել նրան, ճանաչել: Նշանակում է հավատալ նրան: Միշտ ամենամեծ հիմարությունը մարդ գործում է ազնիվ մղումներից դրդված: Մենք չենք առաքվել այս աշխարհը, որպեսզի գովերգենք մեր բարոյական համոզմունքները: Եթե մեկն ինձ դուր է գալիս, ապա այն ամենը, ինչում որ նա դրսևորվում է, բուռն հիացմունք է պատճառում ինձ: Մենք բոլորս էլ սիրում ենք ուրիշների համար լավը մտածել այն պարզ պատճառով, որ վախենում ենք մեզ համար: Լավատեսության հիմքում ընկած է բացարձակ սարսափը: Մենք վերագրում ենք մեր մերձավորներին այն առաքինությունները, որոնցից կարող ենք շահ ստանալ, և կարծում ենք, թե դա կատարում ենք մեծահոգությունից դրդված: Խորտակված կարելի է համարել միայն այն կյանքը, որն իր զարգացման մեջ կանգ է առել: Վերափոխել մարդկային բնավորությունը, նշանակում է միայն փչացնել այն: Երբ մարդ երջանիկ է, միշտ լավն է: Բայց միշտ չէ, որ լավ մարդիկ երջանիկ են լինում: Լինել լավը, նշանակում է ներդաշնակվել ինքն իր հետ: Իսկ ով ստիպված է ուրիշի հետ ներդաշնակվել, աններդաշնակ է ապրում ինքն իր հետ: Մարդու անձնական կյանքը` ահա ամենից կարևորը: Ինչ վերաբերում է մերձավորների կյանքին, ապա մարդ կարող է նրանց վզին փաթաթել իր բարոյական տեսակետները, եթե ուզում է ձևապաշտ կամ մաքրակրոն լինել: Բայց ուրիշի կյանքին պետք չէ խառնվել: Բացի այդ, անհատականությունն, անկասկած, ավելի բարձր ձգտումներ ունի: Մեր օրերում ամեն ինչի համար էլ շատ թանկ ենք վճարում:
Երևի աղքատի ողբերգությունն այն է, որ նրա համար ամենամատչելի բանը ինքնահրաժարումն է: Գեղեցիկ մտքերը, և գեղեցիկ իրերը հարուստների արտոնություններն են: Միայն երկու տեսակի մարդիկ կան, որոնք իսկապես հետաքրքիր են` մարդիկ, որոնք բացարձակապես ամեն ինչ գիտեն կյանքի մասին, և մարդիկ, որոնք բացարձակապես ոչինչ չգիտեն: Ինքնախարազանման մեջ յուրահատուկ հեշտասիրություն կա: Եվ երբ մենք ինքներս ենք մեզ մեղադրում, զգում ենք, որ ուրիշ ոչ-ոք իրավունք չունի այլևս մեզ մեղադրելու: Անցյալի միակ հրապույն այն է, որ նա անցյալ է: Բայց կանայք երբեք չեն նկատում, որ վարագույրն իջել է: Նրանք միշտ ցանկանում են վեցերորդ գործողություն, ուզում են շարունակվի ներկայացումը, երբ արդեն չքացել է ամեն հետաքրքրություն: Եթե նրանց կամքով լիներ, ամեն կստակերգություն ողբերգությամբ կվերջանար, իսկ յուրաքանչյուր ողբերգություն կհասներ ծիծաղելի կառակերգության վերջնակետին: Մարդկանց ճակատագրում, որոնք ֆիզիկապես կամ հոգեպես կատարյալ են, օրհասական բան կա: Շատ ավելի անվտանգ է ոչնչով ուրիշներից չտարբերվել: Այս աշխարհում միշտ շահում են այլանդակներն ու հիմարները: Նրանք կարող են նստել հանգիստ ու դիտել ուրիշների պայքարը: Նրանց վիճակված չէ զգալ հաղթության բերկրանքը, բայց դրա փոխարեն զերծ են նաև պարզության դառնությունից: Նրանք ապրում են այնպես, ինչպես բոլորս պետք է ապրեինք` անվրդով, անտարբեր,հանգիստ: Նրանք երբեք չեն կործանում ուրիշներին և իրենք էլ չեն կործանվում թշնամու ձեռքին… <<Խիղճը>> վախկոտության պաշտոնական անվանումն է: Վատ չէ, երբ ծիծաղով է սկսվում ընկերությունը, իսկ ավելի լավ է, երբ դրանով էլ վերջանում է: Սիրել բոլորին, նշանակում է անտարբեր լինել ամենքի նկատմամբ: Գաղափարի ինքնուրույն արժեքը այնքան է ավելի մեծ, որքան ավելի քիչ է հավատում նրան այն մարդը, որից ծնունդ է առնում ինքը գաղափարը, որոհետև այդ գաղափարը չի արտացոլում նրա ցանկությունները, կարիքներն ու նախապաշարմունքները… Ովքեր սիրո մեջ հավատարիմ են, նրանց հասանելի է միայն սիրո սովորական էությունը: Իսկ սիրո ողբերգությունը ճանաչում են միայն նրանք, ովքեր դավաճանում են: Ինչ հմայիչ ու հետաքրքիր են մարդկանց զգացմունքները, շատ ավելի հետաքրքիր, քան իրենց մտքերը: Հոգին ամենից լավ բուժում են զգացմունքները, իսկ զգացմունքները` հոգին:
Երբ ես մեկին չափազանց շատ եմ սիրում, երբեք չեմ տալիս նրա անունը: Դա միևնույն է, թե ուրիշներին տաս քեզ համար շատ թանկ մարդու ինչ-որ մասնիկը: Ինձ դուր է գալիս մարդկանցից թաքցնել իմ գաղտնիքները: Դա, թերևս, միակ բանն է, որ ժամանակակից կյանքը կարող է դարձնել մեզ համար խորհրդավոր և թովիչ: Ամենաանշան բանն անգամ դառնում է զմայլելի, երբ թաքցնում են: Սիրում եմ մարդկանց ճանաչել ինքս` առանց որևէ մեկի միջնորդությամբ: Միայն սահմանափակ մարդկանց են տարիներ պետք զգացմունքից ազատվելու համար: Մարդ իր գլխի տերն է, վշտին կարող է վերջ տալ նույնիսկ հեշտությամբ, ինչպես և կարող է հաճույք ստեղծել: Ես չեմ ուզում իմ զգացմունքների զոհը դառնալ: Ուզում եմ օգտվել նրանցից, հաճույք ստանալ և իշխել նրանց վրա: Անցյալը կարելի է ջնջել զղջումով, հրաժարումով կամ մոռացումով: Իսկ ապագան անխուսափելի է:



