1in.am-ը գրում է.
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին խնդրեց ԱԺ ամբիոնից ճշմարտությունը հայտնել:
«Պարոն նախարար, Դուք ճիշտ չեք ասում, որ չեք հայտարարել, որ գազի գինը չի բարձրանալու: 2012թ. փետրվարի 17-ին ձեր ասուլիսում Դուք հայտարարել եք, որ չի բարձրանալու, բայց հարցս դրան չի վերաբերում: Դուք ընթերցեցիք այս վասալային պայմանագրի միայն չեզոք հատվածները, ընթերցեմ մեկ-երկու համառոտ հատված»,- ասաց նա:
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ պայմանագրում նշված է, որ «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումն իրականացնում է ուղիղ վաճառքի ճանապարհով՝ առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնեցումների, համաձայնությունների և թույլտվությունների ստացման անհրաժեշտության, այդ թվում՝ հակամենաշնորհային մարմինների համաձայնեցման, հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ ապագա օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխվի, չեղյալ չեն համարվի, հայկական կողմի ներկայացուցիչը իրավունք ունի որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա լինել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստերին:
«Ուզում եմ հարցնել՝ այս նախարարությունը հասկանո՞ւմ է ռազմավարական գործընկերոջ և վասալի միջև եղած տարբերությունները, դուք տեղյա՞կ եք արդյոք՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ինչի՞ համար է այսօր դատապարտված. իր պետության շահերին վնասող գազային գործարք կնքելու և դրա որոշ փաստաթղթեր իր երկրի ժողովրդից, իր երկրի խորհրդարանից գաղտնի պահելու, թաքցնելու համար:
Հարցիս երկրորդ մասին կարող եք չպատասխանել, որովհետև այն միանշանակ Ձեզ և ձեր կառավարությանը քրեական պատասխանատվության մասով սպասվում է, եթե ոչ այսօր, ապա վաղը. դրանում մեկ րոպե անգամ կարող եք չկասկածել»,- ասաց նա:
Նախարարն արձագանքեց պատգամավորի խոսքին, նշեց, որ կառավարությունը շատ լավ հասկանում է նրա ասած այդ տարբերությունները և չի գտնում, որ այս պայմանագիրը, այս համաձայնագիրը նրա ասած վասալի պարտավորությունները իր մեջ ներառում է: «Կխնդրեի ուղղակի պայմանագիրը ուշադիր մինչև վերջ կարդալ»,- ասաց նա:
Զոհրաբյանը պատասխանեց, որ պայմանագիրը կարդացել են, ոչ միայն ինքը, այլև ՀՀ քաղաքացիները, որոնց ներկայացուցիչներն այս պահին Բաղրամյան մուտքի մոտ կոչ են անում խորհրդարանական մեծամասնությանը՝ չվավերացնել քրեական պատասխանատվություն ենթադրող այս վասալային համաձայնագրերը և չմտնել նման խայտառակ պատասխանատվության տակ: